armtimes.com: Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ պաշտպաններից Արամ Վարդեւանյանը անդրադարձավ Քոչարյանի եւ նրա համար անձնական երաշխավորություն ներկայացրած ՀՀ եւ ԱՀ նախկին վարչապետների միջեւ եղած հարաբերություններին:

Վարդեւանյանը շետեց, որ հրապարակելու է նախկին վարչապետների մասին սոցիալ-անձնական բնույթի տեղեկություններ, որոնց մի մասը անձնական տվյալներ են եւ նախկինում չեն բարձրաձայնվել: Ըստ պաշտպանի՝ թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը սոցիալ-անձնային ուղղակի ձեւակերպում չի պարունակում, բայց քրեական դատավարության տեսության մեջ, մասնավորապես՝ իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի՝ «Քրեական դատավարություն. մաս 1» գրքում, որի հեղինակային խմբում նաեւ ինքն է եղել, հստակ նշված է, որ երաշխավորությունը այնպիսի խափանման միջոց է, որի կիրառման ժամանակ կարեւոր նշանակություն ունի սոցիալ-հոգեբանական գործոնը, քանի որ այս խափանման միջոցի խնդիրներին հասնելու համար երաշխավորը սոցիալ-անձնային եղանակով ներազդում է մեղադրյալի վրա:

Այսպիսով՝ Արամ Վարդեւանյանը հերթով թվարկեց, թե Ռոբերտ Քոչարյանը սոցիալ-անձնային ինչ հարաբերություններ ունի նախկին վարչապետների հետ՝ շեշտելու համար, որ նրանք մեծ հեղինակություն են վայելում ոչ միայն պարոն Քոչարյանի կողմից, այլեւ առհասարակ: Վարդեւանյանը ընդգծեց նաեւ, որ նրանց հետ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները ձեւավորվել են ոչ թե ի պաշտոնե, այլ միջանձնային շփումների, փոխադարձ հարգանքի հիման վրա.

«Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հարաբերությունները ձեւավորվել են 1988 թվականին, բայց չեն ձեւավորվել ի պաշտոնե, այլ գաղափարական հենքի վրա՝ Արցախյան շարժման եւ «Ղարաբաղ» կոմիտեի ձեւավորման ժամանակ: Այն ժամանահատվածում, երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության պատասխանատվությունը, Կոմիտեի հիմնադիր առանցքային առաջնորդներից մեկը Վազգեն Մանուկյանն էր, եւ պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքում նրա անունը հիշատակվում է 9 անգամ»,- ասաց Վարդեւանյանը՝ որոշակի մեջբերումներ անելով այդ գրքից եւ նշելով, որ իր պաշտպանյալը Մանուկյանին նկարագրում է որպես պետականամետ անձնավորություն:

ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները, ըստ պաշտպանի, սկիզբ են առել 1990 թվականին, երբ նրանք եղել են ՀՀ գերագույն խորհրդի պատգամավորներ. «Հաշվի առնելով, որ 1992 թվականին Խոսրով Հարությունյանը եղել է ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ նիստի խմբում Հայաստանի պատվիրակության անդամ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ նրանց հարաբերությունները զարգացել են նաեւ այդ տիրույթում, այսինքն՝ չեն եղել ի պաշտոնե եւ պահպանվել են հետագայում էլ»: Արամ Վարդեւանյանը թվարկեց նրանց հետագա համագործակցության որոշ դրվագներ՝ շեշտելով, որ այդ կապը պահպանվել է նաեւ Քոչարյանի՝ որպես նախագահի պաշտոնավարման ավարտից հետո:

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Անուշավան Դանիելյանին, նրա եւ Քոչարյանի հարաբերությունները ձեւավորվել են 1994-95 թվականներին։

Շարունակությունը՝ armtimes.com-ում