armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահ չէ` եթե «Բարգավաճ Հայաստան»-ը դիմի Սահմանադրական դատարան, դատարանի գործող կազմը կքննի բարձրացված հարցը, թե ոչ:  Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի ՍԴ դիմելու որոշմանը՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը վիճարկելու հարցով: 

Սիմոնյանը նախ կարծիք հայտնեց՝ ԲՀԿ-ի գործընկերները ևս մեծ հաշվով համաձայն են եղել, որ Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրներ կան: «Ասում էին բազմիցս, որ իրենք նույնիսկ դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Բայց հիմա որոշել են դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էին քվեարկել, որպեսզի նա լուծում տա: Կարծում եմ, որ այստեղ այս կոորդինատների ճշտման փուլն ավարտին կհասցվի: Ուղղակի վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցին մենք մինչև այդ լուծում տված չենք լինի, և այս կազմը կքննի»,-ասաց Սիմոնյանը: