Հավանաբար իրավապահ համակարգից արտահոսք է եղել, որին հետեւել է Ծառուկյանի հայտարարությունը. Մակունց
 |news.am|
19:41 - 15 հունիսի, 2020

Հավանաբար իրավապահ համակարգից արտահոսք է եղել, որին հետեւել է Ծառուկյանի հայտարարությունը. Մակունց |news.am|

news.am: Չկա որեւէ քաղաքական պատվեր, կան իրավապահների դաշտում գտնվող որոշակի գործեր, որոնք անհրաժեշտություն ունեն բացահայտման: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործերին եւ նրա հայտարարությանը, թե սա քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում է»:

«Ես կարծում եմ՝ հիմա հակառակ գործընթացն է տեղի ունենում եւ այնպիսի տպավորություն է, որ փորձ է կատարվում խոչնդոտել իրավապահ մարմինների անկաշկանդ գործողություններին: Որեւէ ուժի կողմից նման որեւէ ճնշումն անթույլատրելի է»,-ասաց Մակունցը՝ հավելելով, որ փորձ է արվում քրեական գործին քաղաքական երանգ տալ:

«Սկսվել է որոշակի իրավական պրոցես, որի մասին ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացել է մամուլից եւ ԱԱԾ հաղորդագրությունից, փորձում են այդ պրոցեսներին տալ քաղաքական երանգ: Քանի որ իրվապահները ձեռնարկել են գործողություններ ինչ-որ բաների բացահայտման առումով, իրենք որակում են հենց այդպես»,- ընդգծեց «Իմ քայլի» ղեկավարը:

Հարցին, թե համընկնումները շատ չե՞ն, երբ Ծառուկյանը հայտարարեց կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին, եղան քրեական գործեր, Մակունցը արձագանքեց. «Իմ խորին համոզմամբ եւ վերջին շրջանի հրապարակումները հենց այդ մասին են վկայում, որ որոշակի արտահոսք է հավանաբար տեղի ունեցել իրավապահ համակարգից, որին տեղեկացել են ԲՀԿ-ի առանձին անդամներ կամ միգուցե մեկ անդամ, գուցե հենց խմբակցության ղեկավարը, ես չգիտեմ, որից պաշտպանվելու առաջին քայլը եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որը իրենք կկարողանային որակել որպես քաղաքական պրոցես կամ քաղաքական ազդեցություն: Սա է ամբողջը:

Պատահական չէ, որ ԲՀԿ ղեկավարի հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի խոսնակի հաղորդագրությունը հրապարակվեց, որը գուցե շատերիս ինչ-որ բան ասաց, բայց առանձնապես մանրամասները չհասկացանք: Հաջորդող իրադարձությունները եկան վկայելու, որ, այո, փաստացի որոշակի տեղեկատվություն հասանելի է դարձել ԲՀԿ-ին եւ փորձ է արվում քաղաքական երանգի ներքո ներկայացնել իրավական պրոցեսները: Ինչ վերաբերում է, թե ինչպես է այդ տեղեկատվությունը հասանելի դարձել ԲՀԿ-ին, ես հիմա ճիշտ չեմ համարում րեւէ կոնկրետ կառույցի անուն հնչեցնել»,-ասաց նա:

Մակունցը դրական եւ ճիշտ համարեց այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը բացարձակ անտեղյակ է եղել նման իրավական զարգացումներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել