lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։

Պարոն Զոլյան, Եվրախորհրդարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողները և ԵՄ–Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահը հայտարարություն են տարածել, որտեղ Արցախը ներկայացվում է որպես օկուպացված տարածք և որ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: Ընդդիմությունը նշում է, որ սա ապտակ էր իշխանություններին:

Այս հայտարարության մասին խոսելիս պետք է հիշել, որ այն չի հանդիսանում Եվրախորհրդարանի, կամ առավել ևս Եվրամիության պաշտոնական տեսակետը։ Սրա մասին պետք է հիշել հայտարարության մասին խոսելիս։ Այն ընդամենը տարածվել է մի քանի պատգամավորների անունից։ Իհարկե, դա չի նշանակում նաև, որ հայտարարությունը պետք է անտեսել․ հայտարարության փաստն ինքնին անհանգստացնող է, հաշվի առնելով այդ պատգամավորների դիրքը ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության մարմինների մեջ։ Հենց դրանով էր պայմանավորված հայկական կողմի կտրուկ արձագանքը, որը, կարծում եմ, կնկատեն ԵՄ-ում, և դա անհետևանք չի մնա։

Ինչ վերաբերում է ընդդիմության արձագանքին, ապա որքան ես գիտեմ, դրա մասին հիմնականում խոսել են նախկին իշխանության ներկայացուցիչները, իսկ նրանց խոսքերին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։ Միանգամայն բնական է, որ նրանք պետք է նոր իշխանությանը մեղադրեն ենթադրյալ տապալումների մեջ, հույս ունենալով, որ մարդիկ կմոռանան իրենց իրական տապալումների մասին։ Իրականում, ես շատ ուրախ կլինեի, եթե մենք իրոք մոռանայինք նախկինների արտաքին քաղաքական տապալումների մասին, բայց, ցավոք, այդ տապալումներն այնքան լուրջ էին, որ դրանց հետևանքները զգացվում են մինչև օրս և հավանաբար կզգացվեն դեռ տարիների ընթացքում, այնպես որ, դրանց մասին մոռանալ շատ դժվար կլինի։

Ընդհանրապես, սա որքանով դիվանագիտական վատ աշխատանքի արդյունք կարող է լինել:

Ես հարցն այսպես կձևակերպեի․ արդյոք մենք գիտեինք, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհի կառուցումը կարող է ոմանց համար տհաճ լինել, և նրանք կփորձեն ինչ-որ բացասական արձագանք տալ դրան։ Իհարկե, դա հասկանալի էր, և այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ պետք էր խուսափել այդ ճանապարհի կառուցումից։ Ցավոք սրտի, շատ երկար ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական չափանիշն այն է եղել, թե արդյոք «հզորները» մեզ կգովեն, թե ընդհակառակը, մեզ կնախատեն։ Վաղուց ժամանակն է, որ մենք հասկանանք, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է ենթարկվի միայնումիայն մեր շահերին և արժեքներին։ Եթե մեր գործողությունները ինչ-որ մեկի մոտ բացասական արձագանք են առաջացնում, դա չի նշանակում, որ մենք պետք է այդ գործողություններից ձեռնպահ մնանք։ Այլ հարց է, որ այո, պետք է աշխատենք, որպեսզի այդ բացասական արձագանքի իրական ազդեցությունը էական չլինի, և այս ուղղությամբ, անշուշտ, աշխատանք ունենք կատարելու։

Շարունակությունը՝ lragir.am-ում