armtimes.com: Այս պահին լարված իրավիճակ է ԱԱԾ շենքի դիմաց. ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում։ Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ԱԱԾ շենքի մոտ հավաքված ցուցարարներին, ԲՀԿ կողմնակիցներին: Հիշեցնենք, ոստիկանությունը հետ քաշվելու եւ ցրվելու համար 5 րոպե ժամանակ էր տվել ցուցարարներին:

Բերման ենթարկվեցին նաեւ Օլիմպիական կոմիտեի ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը, հիմնադրամների ղեկավարներ:

ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարում են, որ սա բռնություն է ոչ միայն կուսակցության, այլեւ ՀՀ քաղաքացու դեմ: Նրանք հայտարարեցին, որ ներքին տեղեկություն ունեն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ են հրավիրել վկայի կարգավիճակով, սակայն նրան ձերբակալելու մասին որոշում են կայացնում եւ անձեռնմխելիությունից զրկելու հարց է բարձրացվում այս պահին:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սա իշխող քաղաքական ուժի վերջի սկիզբն է, ինքը չի բացառում, որ կարող են խուզարկել նաեւ իր տունը, այնուհետ՝ իրեն եւս բերման ենթարկել: