Երևանի հուշարձան-շենքերը պատշաճ պաշտպանված չեն․ Իզաբելլա Աբգարյան


 |armenpress.am|
18:46 - 13 հունիսի, 2020

Երևանի հուշարձան-շենքերը պատշաճ պաշտպանված չեն․ Իզաբելլա Աբգարյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը մտահոգված է մայրաքաղաքի հուշարձան-շենքերի պաշտպանվածության առումով։ Նա այդ մասին ասաց Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստի ժամանակ։

«Տեղի տալով տարբեր շրջանակների բիզնես շահերին՝ քաղաքը զրկվել է իր պատմական հիշողությունից։ Ես ցանկանում եմ իմանալ՝ արդյոք Երևանի հուշարձան-շենքերի վերաբերյալ կատարվում է մասնագետների բազմակողմանի ուսումնասիրություն։ Որոշ շենքեր կան, որոնք նախկինում գտնվում էին այդ ցանկում, սակայն տարիներ առաջ անհասկանալի պատճառներով հանվել են։ Այսօր արդեն, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ շենքերին հուշարձանների ցանկում կրկին ընդգրկելու առումով և խոսքը միայն Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում տեղ գտած շենքերի մասին չէ»,- նշեց Աբգարյանը։

Նրա խոսքով, ինքն այժմ չի տեսնում, որ Երևանի հուշարձան-շենքերը լինեն պատշաճ պաշտպանված։ Ավագանու անդամն ասաց, որ բնակիչները՝ հիմնականում երևանցիները, դիմում են քաղաքապետարանին, որպեսզի հուշարձան-շենքերի հարցը օր առաջ լուծվի։

«Ուզում եմ հասկանալ՝ այն սեփականատերերը, որոնք ձեռք են բերել պատմական շինությունններ, որևէ կերպ պատասխանատվության են ենթարկվելո՞ւ են, օրենսդրորեն սահմանափակվելո՞ւ են նրանց հնարավորությունները, այդ շենքերը բացիթողի վիճակի հասցնելու համար» - նշեց Աբգարյանը։

Հարցին ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասաց, որ համաձայն է, և կարծում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կվերանայի և այդ ցանկը հավանաբար կլրամշակվի։

«Մենք, իհարկե, կփորձենք գտնել այդ շենքերը, բանակցել սեփականատերերի, կառուցապատողների հետ և լուծումներ գտնել այս ամենին»,- ընդգծեց Սիսեռյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել