Ֆիրդուսի աղյուսաշեն շենքի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն կառուցվող շենքերից մեկի ֆասադում. Սիսեռյան |1lurer.am|
17:16 - 13 հունիսի, 2020

Ֆիրդուսի աղյուսաշեն շենքի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն կառուցվող շենքերից մեկի ֆասադում. Սիսեռյան |1lurer.am|

1lurer.am: Երևանցիներն արդեն որերորդ օրն է՝ ակտիվ քննարկում են 33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի թաղամասի հարցը, քանի որ օրեր առաջ քանդվել է թաղամասի 19-րդ դարի կառույցներից մեկը: Այս առիթով Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ արտահերթ նիստ են գումարել:

Նիստին ներկա փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը նշեց, որ 2015-ին մշակվել է կառուցապատման հայեցակարգը, որը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների հետ, այնուհետև հաստատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից:

«2018 թ. մարտին Կառավարությունը վերահաստատել է գերակա հանրային շահն արդեն նոր մոդելով: Տարածքը բաժանվել է 19 տարբեր մասերի և ներգրավվել են տեղական և օտարերկրյա ներդրողներ: 2019-ին հեղափոխության արդյունքում գործարարների ակտիվության շնորհիվ կնքվեցին եռակողմ պայմանագրեր ներդրողի, կապալառուի և Կառավարության ներկայացուցչի հետ, որտեղ ևս մեկ անգամ մենք երաշխավորեցինք կառուցապատման աշխատանքները ներդրողներին»,- նշեց Սիսեռյանը՝ հավելելով, որ ներդրողների կողմից արդեն իսկ ներդրվել է 70 միլիոն դրամ հողերի ձեռքբերման համար:

Սիսեռյանը նշեց, որ տարբեր գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ եղել են հանդիպումներ, որոնցից մեկի ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը ներկայացրել է մեկ այլ հայեցակարգ, որը արժանացել է տարբեր գերատեսչությունների բացասական գնահատականին, և որոշվել է առաջնորդվել գոյություն ունեցած հայեցակարգով:

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նշեց, թե ինչու բաց մրցույթ չի հայտարարվել:

«Առաջին հերթին պայմանավորված այն հանգամանքով, որ ծրագիրն արդեն իսկ մեկնարկած է, ներդրողները գումարներն ամբողջությամբ փոխանցել են, այս գումարներով հնարավոր է եղել լուծել հարյուրավոր ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը, ինչը տարիներ շարունակ չէր լուծվում»,- ասաց Սիսեռյանը՝ հավելելով, որ նոր բնակարաններ կամ փոխատուցում ստացած ընտանիքների թիվը հարյուրից ավելի է, միջինը 1քմ-ն էլ գնահատվել է 1200-1300 ԱՄՆ դոլար, որը սակայն մինչ 2018-ի ապրիլը կազմում էր 600 կամ առավելագույնը 700 դոլար:

Սիսեռյանը նաև հավելեց, որ ծրագրով հնարավոր է եղել լուծել գինու կոմբինատի 331 ընտանիքի և Կոնդ թաղամասի 107 ընտանիքի բնակարան տրամադրելու հարցը:

Հուշարձան և ոչ հուշարձան շենքերի մասով Սիսեռյանը ճշգրտում արեց. տարածքում 8 հուշարձան շենք կա, որոնք ընդգրկված են Կառավարության  2004-ի ցանկում:

«Մեր աշխատանքային խմբի կողմից և փոխվարչապետի հանձնարարությամբ դրանք դուրս են բերվել ծրագրից և Կառավարության որոշմամբ նաև դուրս կբերվեն գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից շատ շուտով»: Նաև նշեց, որ  երաշխավորում են պահպանել բոլոր հուշարձան շենքերը՝ ապահովելով դրանց վիճակի և շրջակա միջավայրի բարելավումը:

Նրա խոսքով՝ Ֆիրդուսի թաղամասում գտնվող աղյուսաշեն շենքը, որը չի գտնվում հուշարձան շենքերի ցանկում և երբևէ չի եղել, այդուհանդերձ, պայմանավորվածություն կա, որ այդ շինության քարերը կհամարակալվեն և կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում: Այս պահին նաև բանակցություններ ենք վարում կառուցապատողներից մեկի հետ, որ Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը չքանդվի և ընդհանրապես դուրս գա այս ծրագրից: Այսինքն՝ բանակցում ենք, որ պահպանենք այս շենքը, որը էլի հուշարձան չէ»,- նշեց փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել