Չիբլլու․ ավանդական կենսատարածքի ու վարչատարածքային բաժանման հակասությունը
16:13 - 30 հունիսի, 2020

Չիբլլու․ ավանդական կենսատարածքի ու վարչատարածքային բաժանման հակասությունը

2010 թվականին ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների արդյունքում Նոյեմբերյան համայնքի բնակիչների կողմից օգտագործվող արոտավայրերի մի մասը եւ  Չիբլլու կամ Ծաղկասար կոչվող հանդամասը անցել է հարեւան համայնքներին։ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի 18․5 հավելավածով սահմանվել են Նոյեմբերյան համայնքի սահմանները, որոնց մեջ չեն ներառվել օգտագործվող արոտավայրերը՝ ավելի քան 5000 հեկտար տարածք։ 

Այդ տարածքները տրվել են Իջեւանի շրջանի սահմանակից համայնքներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ  համայնքներն ավելի մոտ են հանդամասին, քան Նոյեմբերյանը։ 

2020 թվականի մայիսի վերջին Իջեւանի տարածաշրջանի մի քանի համայնքների ղեկավարների ընդունած որոշման համաձայն՝ վերոհիշյալ տարածքները տրվել են վարձակալությամբ։ Նախնական տվյալներով՝ մոտ 800 հեկտար տարածք տրամադրվել է «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին, որն արդեն իսկ սկսել է տարածքի ցանկապատման գործընթացը։ Հիմնադրամի աշխատանքները խանգարել են նոյեմբերյանցիներին, քանի որ վերջիններիս սեզոնային բնակավայրերը  գտնվում են վարձակալված տարածքում։ 

Տարվա տաք ամիսներին նոյեմբերյանցիները մեկնում են հանդամաս, որտեղ ունեն իրենց կացարանները։ Հանդամասն ընտանիքներին հնարավորություն է տալիս ապահովել իրենց տարեկան եկամուտները։ 

Օրերս Նոյեմբերյանի համայնքապետարանը հանդես էր եկել հայտարարությամբ, որով մարզի երեք պատգամավորներին՝ Սարգիս Ալեքսանյանին, Սիփան Փաշինյանին եւ Վահե Ղալումյանին կոչ էր արել հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ օրենքի դաշտում փորձել շտկել առաջացած խնդիրը։ Ավելի վաղ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը մեր զրույցում նշել էր, որ խնդրի վերաբերյալ հարցումներ է ուղարկել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Infocom-ը թեմայի շուրջ զրուցեց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ։ Վերջինս նշեց, որ ԽՍՀՄ տարիների այդ հանդամասերը պատկանել են Նոյեմբերյանի տարածաշրջանին, որովհետեւ այդտեղ անասնագլխաքանակի եւ հողերի չափերը իրար համապատասխան չեն եղել։ Այսինքն՝ այդ հեռագնա արոտները տրամադրվել են պետական ֆոնդից, քանի որ համայնքի հողերը քիչ են եղել։ 

«2010 թվականին նոր քարտեզագրման արդյունքում այդ հանդամասը տվել են այն համայնքին, որին ավելի մոտ է եղել։ Սարը մեզնից հեռու է 50-60 կիլոմետրով, իսկ Իջեւանի տարածաշրջանի գյուղերից՝ 5-10 կիլոմետրով։ Պատճառաբանությունն այն է, որ Նոյեմբերյան համայնքն իր վարչական տարածքի  անտառային  հողերով կապված չի եղել տվյալ տարածքի՝ Չիբլլուի հետ։ Այսինքն՝ տարբեր ճանապարհներով ենք գնում այդ սար, իրենք էլ սարը միացրել են այն համայնքի հետ, որի վարչական տարածքների հետ կպչող գիծ է եղել։ Միացվել է Իջեւանի շրջանի գյուղերին, քանի որ այդ ձեւով կադաստրային քարտեզը ավելի հեշտ կարող էին գծել, բայց, փաստացի, մինչեւ այսօր էլ Նոյեմբերյանի ժողովուրդն է այնտեղ գնում, ուրիշ ոչ մեկը չի գնում»,- ասաց համայնքի ղեկավարը։

Աբազյանը կրկին ընդգծեց, որ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը դիմել է այդ համայքներին, դրանց ղեկավարներն էլ, իմանալով, որ իրենց վարչական տարածքում ընդգրկված տարածք է, վարձակալությամբ տվել են հիմնադրամին։ Դա այն տարածքն է, որտեղ Նոյեմբերյան համայնքի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ։ Աբազյանը մեր զրույցում հավելեց, որ նույնիսկ չեն կարողանում վերջնական իմանալ, թե քանի հեկտար են վերցրել․ 

«Պարզ է, որ գծվել է պիտանի եւ լավ տեղերը, որտեղ ավելի հարթավայրային է, ոչ թե սարային։ Խնդիրն այն է, որ հիմնադրամից գալիս-ասում են՝ «մեր տարածքն է, մենք վարձակալել ենք», բայց ժողովուրդն էլ փաստացի այնտեղ է բնակվում, անասուններ են պահում եւ դուրս գալու տեղ չունեն։ Այն տարածքները, որոնք որպես արոտավայր են օգտագործել,  հիմա վարձակալել է այդ հիմանդրամը, եւ գյուղացիները չեն կարողանում պահել անասուններին, քանի որ հիմնադրամն արդեն ցուցանակներ է փակցրել, որ մուտք չգործեն «իրենց տարածք»։ Մեր խնդիրն այն է, որ 2010 թվականին վարչատարածքային բաժանումը սխալ է կատարվել։ Կապ չունի, որ մենք ուղիղ գծով սահման չունենք այդ սարի հետ, քանի որ, փաստացի, մինչ օրս այդ տարածքները նոյեմբերյանցիները չեն օգտագործում։ Դա այն ժամանակից անհրաժեշտ է եղել։ Այսօր ամբողջ շրջանից մոտ 100 ընտանիք այնտեղ է ապրում, եւ այդ տարածքը տալ մի կազմակերպության, որը նույնպես զբաղվում է անասնապահությամբ, ու այդ մարդկանց դուրս անել իրենց պապական հողերից, ճիշտ չենք համարում։ Մեր պահանջն այն է, որ այդ վարչատարածքային բաժանումն արվի ճիշտ եւ հողերը մնան այն համայնքներին, որոնք օգտագործում են»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք 2010 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելիս քննարկումներ եղե՞լ են Նոյեմբերյան համայնքի ղեկավարների հետ, եւ արդյոք վերջիններս կատարե՞լ են հնարավոր գործողությունները՝ անարդար բաժանումը կանխելու համար, Նոյեմբերյանի ներկայիս ղեկավարը նշեց, որ թեմայի շուրջ խոսել է նաեւ 2010 թվականին քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վանուշ Ամիրաղյանի հետ։ 

«Այդ մարդիկ ինձ ասել են, որ իրենք այլ տարբերակ չեն ունեցել այն ժամանակ։ Իրենց ասվել է, որ այս ձեւով պետք է արվի, շատերն էլ ասում են, որ չեն ստորագրել այդ փաստաթուղթը, ինչը չեմ կարող ասել՝ ճիշտ է, թե սխալ։ Այնպիսի խնդիր է եղել, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք ստորագրել են, ասում են՝ ուղղակի չեն կարողացել այլ կերպ վարվել․ իրենց ասել են, իրենք էլ ստորագրել են։ Կամավոր չի եղել, որ բոլորը համաձայն լինեն»,- ասաց համայնքապետը։ 

Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե բնակիչների սեզոնային կացարանները՝ դագանները, ապամոնտաժվում են, Աբազյանը նշեց, որ այս փուլում ոչինչ չի ապամոնտաժվել։ Վերջինս նշեց, որ խնդիրներ, կոնֆլիկտներ են առաջանում հիմնադրամի ներկայացուցիչների  եւ բնակիչների միջեւ, քանի որ արոտավայրերում ցանկապատման աշխատանքներ են կատարվում։

«Բնակիչները շատ վրդովված են, քանի որ իրենց պատմական, պապական հողերից հանում են։ Հիմնադրամը գծագիրն արել է այնպես, որ այդ դագաները չեն մտնում տարածքի մեջ, բայց իրենք վերցրել են հարթ մասերը, արոտավայրերը, եւ, փաստացի, իրենց անասունին չեն կարողանում արոտի, ջուր խմելու ուղարկել։ Ստացվում է, որ անասունը «հիմնադրամի տարածքով» պետք է անցնի, այսինքն, կոպիտ ասած, բնակիչներին ոչ մի բան չեն ասում, ասում են՝ «ձեզ համար ապրեք», բայց այնքան են զզվեցնում, որ այդ մարդիկ դուրս գան տարածքից»,- ասաց մեր զրուցակիցը։

Աբազյանը նշեց, որ իրենք որեւէ նախագծի ծանոթ չեն, հստակ չգիտեն, թե տարածքն ինչ նպատակով է վարձակալվում։ Հետեւելով հիմնադրամի գործունեությանը՝ ենթադրում են, որ տարածքը վերցվել է անասնապահությամբ զբաղվելու համար։

«Իրենք ունեն մոտ 200-300 գլուխ անասուն, իսկ այսօր Նոյեմբերյանի տարածաշրջանից մոտ 2000-2500 միայն խոշոր եղջերավոր անասուններ են պահվում, չհաշված՝ ոչխարները, ձիերը եւ այլն։ Քանի որ տարածքները մեր վարչական շրջանում չեն, մեզ ոչինչ չի ներկայացվել, միայն բանավոր խոսակցության ընթացքում հիմնադրամից ներկայացրել են, թե ընդլայնում են իրենց գործունեությունը։ Իրենց համար վերցրել են լավ տարածքները, քարքարոտ մասերը թողել են բնակիչներին»։

Համայնքի ղեկավարն ասաց, որ աշխատանքներ են տարվում խնդիրը լուծելու համար։ Հարցը քննարկվում է մարզպետ Հայկ Չոբանյանի  եւ այն համայնքներիի ղեկավարների հետ, որոնց տրվել են տարածքները։ Աբազյանի խոսքով՝ բանակցությունների բուն նպատակն այն է, որ գյուղացիները չտուժեն, սակայն փաստ է, որ օրենք շրջանցելը նույնպես անհնար է։ Քննարկումներն արվում են այնպես, որ հանգեն երկու կողմերի համար ցանկալի լուծման։ 

«Դիմել ենք նաեւ մարզի երեք պատգամավորներին, որպեսզի նրանք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան, նոր որոշում կայացվի եւ հին բաժանումները փոփոխվեն։ Հարցն այն է, որ մինչեւ խնդիրը կարգավորվի օրենսդրական դաշտում, ուշ կլինի, պետք է խնդիրը գոնե ժամանակավոր լուծվի գալիք մեկ տարվա համար, հետագայում փոփոխվի նաեւ օրենքը։ Հիմնադրամից նշում են, որ իրենք ոչ մի վատ բան չեն անում, բարեգործական նպատակներ ունեն եւ ամեն ինչ անում են օրենքով, բայց ի՞նչ իմաստ ունի անել բարեգործություն՝ գյուղացիներին վատություն անելով։ Եթե վատություն անելով պետք է բարեգործություն անեն, ապա ավելի լավ է՝ ոչինչ չանեն,  դա կհամարվի ավելի մեծ բարեգործություն»,- եզրափակեց համայնքապետը։  

Նոյեմբերանի համայնքապետարանն infocom.am-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ Նոյեմբերյան քաղաքի վարչատարածքից հանվել են հետեւյալ տարածքները՝ Կարմիր գյուղ՝ 992․54 հա, Այգեհովիտ՝ 527․5 հա եւ Ծաղկասար (Չիբլլու՝) 610 հեկտար։ 

 

Նախկինում Նոյեմբերյան համայնքի կողմից օգտագործվող անտառամերձ տարածքները այս պահին Իջեւանի Կիրանց, Ծաղկավան  եւ խոշորացված Դիլիջան համայքների վարչական տարածքում են։ Հիմնադրամն այդ տարածքները վարձակալել է գյուղատնտեսական նպատակներով։ 

Մեր հարցմանն ի պատասխան՝ տրամագծորեն հակառակ պատասխանն է տվել Տավուշի մարզպետարանը՝ նշելով, որ մինչեւ 2010 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխութուններ անելը՝ Չիբլլու հանդամասը չի գտնվել որեւէ վարչական սահմաններում։ Չիբլլու սարամասն ընդգրկվել է Կիրանց, Ծաղկավան եւ Դիլիջան համայնքների վարչական սահմաններում, սակայն մարզպետարանը չի կարող համայնքների վարչական սահմաններում ընդգծվածության մասին տեղեկություն տրամադրել, քանի որ անվանական սարամասերի էլեկտրոնային քարտեզ չկա։

Կապ հաստատեցինք նաեւ Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանի հետ, որը մեր զրույցում ասաց․

«Մեր ավանդական, պապական սարը, որը նախկինում պատկանել է Կիրանցին, մոտ 400 հեկտար է, 400 հեկտարից ունենք մոտ 130 հեկտար խոտհարքներ, մնացածը արոտավայրեր են։ Այս պահի դրությամբ այնպես է ստացվել, որ 2010 թվականի նոր քարտեզագրմամբ ամբողջ սարամասի տարածքի մի մասը տրվել է Ներքին Ծաղկավանի վարչական տարածքին։ Կիրանց գյուղին տվել են 1100 հեկտար հողատարածք, բայց դա մերը չէ, մի մասը Ոսկերպարի հատվածն է, մի մասը՝ Կոթի գյուղի։ Մարդիկ իրենց անասունը, իրենց նպատակները կապել են այդ հողի հետ, որ ապրեն արարեն։

«ՀիմնաՏավուշ հիմնադրամին» վարձակալությամբ տրվել է Ներիքն Ծաղկավանի մի մասը, մյուս մասը՝ Դիլիջան համայնքի կողմից։ Նույնիսկ չենք կարողանում հստակ իմանալ, թե քարտեզը որն է, որ գյուղերին է պատկանում։ Ես վարձակալական փաստաթուղթ չեմ ստորագրել, եթե վարձակալությամբ տայի, պետք է տայի կամ Ոսկեպարի սարամասերից, կամ Կոթիի։ Միգուցե մի օր էլ մենք մեր բյուջեի համար գնանք նման քայլի, բայց ժողովուրդը վրդովված է, ընդդիմանում է։ Ես միշտ ասում եմ՝ ժողովուրդ ջան, սպասեք, 2010-ին սխալ են արել, 2020-ին կուղղենք։ Ես նույնպես անպայման կողմ եմ, որ փոփոխությունն արվի եւ յուրաքանչյուր համայնքին բաժին հասնի այն տարածքը, որը եղել է ԽՍՀՄ տարիներին։ Մարդիկ այդտեղ հող են մշակել, ծառ են տնկել, գերեզմաններ ունեն, ավանդական, պատմամշակութային կոթողներ կան, ես այդտեղ եմ ծնվել, մեծացել, ինչպե՞ս կարող եմ այդ ամենը մոռանալ։ Իմ 400 հեկտարը ինձ բավարարում է, այդ 1100 հեկտարը չեմ ուզում։ Կիրանցի 400 հեկտար տարածքի մի մասն էլ տրվել է Ներքին Ծաղկավանին, մյուս մասը՝ Դիլիջանին»։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Կիրանցի համայնքապետարանից վերահաստատել են, որ համայնքը «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին վարձակալությամբ հողատարածք չի տրամադրել:

2019 թվականի հուլիսի 24-ին Ներքին Ծաղկավան համայնքը ստացել է մարզպետարանի թույլտվությունը՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները սահմանված կարգով վարձակալության տրամադրելու համար։ Ներքին Ծաղկավան համայնքը 2019 թվականի օգոստոսի 28-ին հայտարարել է մրցույթ՝ գյուղատնտեսական նշանակության հիշյալ հողերը վարձակալության տրամադրելու համար։ 

2019 թվականի սեպտեմբերի 20-ին Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավարի որոշմամբ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության խոտհարքներից 13․98696 հեկտար, իսկ արոտներից՝ 17,94036 եւ 166․957 հեկտար մակերեսով հողամասերը մրցութային կարգով վարձակալության են տրվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին՝ տասը տարի ժամկետով։ Հողատարածքները տրամադրվել են 982․648 ՀՀ դրամ տարեկան վճարով։

Ավելի ուշ Դիլիջան համայնքը նույնպես անցկացրել է մրցույթ․ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին հողամասերի վարձակալության՝ թվով 4 լոտերի մրցույթում հաղթող է ճանաչվել «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը, որի հետ 2019-ի հոկտեմբերի 28-ին կնքվել են վարձակալության պայմանագրեր։ Դիլիջան համայնքը վարձակալության է տրել ընդհանուր մակերեսով 371․67 հեկտար հողամասեր։ Դրանցից 23․08 հեկտարը հատկացվել է որպես խոտհարք, 66․54 հեկտարը, 213․08 հա եւ 68․67 հա՝ որպես արոտավայր։ Վարձավճարի չափը կազմել է 134,991 դրամ, 209,614 դրամ, 671,216 դրամ եւ 216,300 դրամ՝ տարեկան։ 

Նշենք, որ 2017 թվականին հիմնադրամը հայտնվել էր դատական քաշքշուկների մեջ․ Տավուշի մարզի Դիտավան գյուղի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանը եւ եւս 3 դիտավանցիներ վնասի փոխհատուցման պահանջով դատի էին տվել «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին: Հիմնադրամը 2012թ. Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղում 10 հա եգիպտացորեն է ցանել, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով 4 դիտավանցիներից յուրաքանչյուրին 150 հազարական դրամ կանխավճար է տվել, հետագայում հեկտարի հաշվով՝ եւս 30 հազարական դրամ: Ըստ պայմանագրի՝ «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիպտացորենը գերհասունացել է, չորացել, ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա: 

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել