Անկեղծ կանխատեսումներ զբոսաշրջության մասին․ գերակա ճյուղը՝ անջրդի |ampop.am|
13:32 - 11 հունիսի, 2020

Անկեղծ կանխատեսումներ զբոսաշրջության մասին․ գերակա ճյուղը՝ անջրդի |ampop.am|

ampop.am: Երկրների միջև փակ սահմանները կաթվածահար արեցին զբոսաշրջության ոլորտը ողջ աշխարհում։ Հայաստանի նման երկրների համար, որտեղ զբոսաշրջությունը երկրի գերակա ճյուղերից մեկն է, զարգացման բոլոր հեռանկարները միանգամից մարեցին։

Զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողները եկամուտներից զրկված են, սակայն ունեն հարկային պարտավորություններ։

Վերջին շաբաթներին Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման ակտիվացումը թույլ չի տալիս կանխատեսումներ անել անգամ ոլորտի վերականգնման ժամկետների մասին։

Առանց այցելու, Ծաղկաձոր, մարտ 2020

Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Արթուր Ոսկանյանի խոսքով՝ վարակն արագորեն հաղթահարելու դեպքում անգամ, առաջիկայում զբոսաշրջիկների մեծ հոսքեր ակնկալել հնարավոր չէ։

«Մենք առնչվում ենք գլոբալ խնդրի հետ, որում Հայսատանը, ցավոք սրտի, ոչ թե հիմնական դերակատար է, այլ հետևանքը քաղողների շարքերում է», – «Ամփոփ Մեդիային» ասում է Ոսկանյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի դեպքում տուրիստական սեգմենտը տարեց մարդիկ են, որոնք, ցավոք, համաճարակի հիմնական խոցելի խումբն են։ Նրանց հորդորում են տնից դուրս չգալ։ Հետևաբար, երկրից դուրս ճամփորդելու մտադրություն միանշանակ չեն ունենա։

Այնուամենայնիվ, Արթուր Ոսկանյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին կոչ է անում չհուսահատվել, այլ սա համարել յուրահատուկ ռեստարտի հնարավորություն։

Ոսկանյանն ասում է՝ առաջին հարվածից առաջացած շփոթությունն անցյալում է, այժմ հավաքվելու ժամանակն է․ «Մենք, բնականաբար, ուզում ենք, որ տուրիզմը ինչ-որ չափով վերականգնվի, բայց պետք է գիտակցենք, որ դա նույն տուրիզմը չի լինելու։ Պետք է օգտվել առիթից, վերանայել բացթողումները և գործել»։

Տուրիզմի փորձագետը ոլորտի վերականգնման իր ճանապարհային քարտեզն ունի։ Ասում է, որ նախ զբոսաշրջության ինդուստրիան՝ խոշոր ընկերությունները, որոնք փորձ, մասնագիտական կարողություններ և գիտելիք ունեն, պիտի միավորվեն ոլորտը վերաիմաստավորելու շուրջ։ Նրանք պետք է հասկանան առկա խնդիրը և թե ինչպես կարող են գործել այս իրավիճակում, պիտի քննարկեն ռիսկերը, հնարավորությունները և նոր գաղափարներ մշակեն։

«Մեզ կոլեկտիվ գաղափար, թիմային աշխատանք է պետք, որը դեռ չկա»,- նշում է փորձագետը և հավելում,- «Սա շատ նման է մարտադաշտի։ Ճիշտ հրամանատարը կամ սպայակազմը մարտից հետո ուզում է հասկանալ՝ ինչ կորուստ ունեցավ․ մարտիկները կա՞ն, թե՞ ոչ։ Եթե կան, ապա հասկանանք՝ վիրավո՞ր են, կարո՞ղ են առաջ շարժվել, ինչո՞վ պետք է օգնել։ Այ այսպիսի յուրատեսակ գույքագրում պետք է արվի»։

Ոլորտի «գույքագրում»

Վերջին տարիներին Հայաստանն աստիճանաբար բարելավում էր իր դիրքերը տուրիստական գրավչությամբ աչքի ընկնող երկրների շարքում։

2019 թ-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում Հայաստանը 140 երկրների շարքում գրավել էր 79-րդ տեղը նախորդ տարվա 89-րդի փոխարեն։

Հյուրանոցների, հյուրատների ամրագրման ոլորտում հայտնի Booking.com կայքը Երևանը ներառել էր 2020թ․-ի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում։

Զարգացումը կարող էր շարունակական լինել, քանի որ Հայաստանում դրական միտումն արդեն նկատելի էր թե՛ զբոսաշրջիկների թվաքանակի ավելացման, թե՛ նրանց աշխարհագրական բաշխվածության ընդլայնման առումով։

Եթե 2009 թ․ առաջին եռամսյանկում՝ հունվար-մարտ ամիսներին, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմում էր շուրջ 86 600, ապա տասը տարի անց՝ 2019թ․-ի նույն ժամանակահատվածում, այդ թիվը քառապատկվել էր՝ հասնելով 364 500-ի։

Չնայած համաճարակով պայմանավորված խոչընդոտներին՝ Զբոսաշրջության կոմիտեն 2020 թ-ի համար բավական լավատեսական կանխատեսումներ ուներ․ ակնկալվում էր, որ այս տարի առաջին եռամսյակում Հայաստան ժամանողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաճեր ևս 14%-ով կամ 34 000 այցելուով։

Սակայն այժմ արդեն կարելի է փաստել, որ այս կանխատեսումը չիրականացավ․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը մարտի 30-ին ունեցած ասուլիսում նշեց, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ  այս տարի Հայաստան չի այցելել շուրջ 175 000 զբոսաշրջիկ։

Tour Crisis

Ոսկանյանը վստահ է՝ Հայաստանում յուրաքանչյուր տուրիստ կարող է գտնել իր ճաշակին համապատասխան առաջարկ․ տարիքով մարդկանց Հայաստանում գրավում է մշակույթը, երիտասարդներին՝ էքստրիմը, սար բարձրանալը: Սփյուռքը գալիս է էթնո և նոստալգիկ տուրերի համար, իսկ գուրմաններին հետաքրքրում են համեղ ուտեստներն ու փառատոնները։

Նրա խոսքով՝ տուրիստի չգալը ոչ թե ցանկության բացակայության, այլ չիմացության նշան է․

«Չգիտի, չի հասկանում, չի պատկերացնում, չի սիրում, ուրեմն՝ չի գալիս»։

Խոչընդոտներ

Ըստ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման 2020-2030 թթ. ռազմավարության՝ Հայաստանում զբոսաշրջության աճը սահմանափակող մի քանի հանգամանքներ կան։


Շարունակությունը՝ ampop.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել