Նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել․ Պապիկյանը՝ ԱԷԿ-ի էներգաբլոկի մասին |armtimes.com|
12:32 - 11 հունիսի, 2020

Նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել․ Պապիկյանը՝ ԱԷԿ-ի էներգաբլոկի մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրել Հայակական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` նշելով, որ «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքվել են` 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին եւ 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը (300 մլն ԱՄՆ դոլար, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ եւ 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ):

«Արդեն 2018-ի դեկտեմբերից վարկի երկարաձգման համար սկսվել են բանակցություններ: Նախ մենք ժամկետի երկարացման խնդիր ունենք, քանի որ հնարավոր չի եղել ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 մլն դոլար է: Սակայն աշխատանքները ամբողջությամբ ավարտելու համար մենք նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել: Ծրագիրն ավարտելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-2022 թվականների ընթացքում բբյուջեից տրամադրել 62,3 մլրդ դրամի գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020-ին 18,7 մլրդ դրամ, 2021-ին՝ 31,5 մլրդ դրամ, եւ 2022 թվականին՝ 13 մլրդ դրամ»,- ասաց Պապիկյանը:

Նա նշեց՝ նախատեսվում է, որ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր: Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որն առնվազն չի գերազանցի ռուսական վարկի դեպքում հայկական ատոմակայանի կողմից վարկային միջոցների մարման եւ սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը. «Այս նպատակով կստեղծվի միջգերատեսչական մրցութային հանձնաժողով։ Սա շատ կարեւոր է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի պատշաճ ժամանակին ավարտելու համար»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ մինչեւ այժմ գոյություն ունեցած վարկը իր չափերով եւ պայմաններով այնքան էլ հարմար չի Ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար եւ իրենք մենք հրաժարվում են այդ վարկի մի մասից, եւ դրա փոխարեն ներգրավում են ներքին աղբյուրներից միջոցներ, որն աներկբա շատ ավելի լավ պայմաններով է ներգրավվելու եւ ավելի է մեծացնելու կառավարության լծակները այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու առումով:

«Նախկինում որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում գնումների մասով, թե ումից է պետք գնումներ իրականացնել, ինչպես է պետք իրականացնել: Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների գործընթացն ամբողջությամբ դնել շուկայական տրամաբանության մեջ եւ շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով: Այս պարագայում ապրանքների գները կլինեն ավելի ցածր, հույս ունենք, որ որակով առնվազն չեն զիջի նախկին պայմաններով ձեռք բերածին»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ երկար տարիներ ԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել։

«Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, որը ոչ միայն կառավարման այլեւ էներգետիկ անվտանգության խնդիր է: Հստակ խնդիրը ձեւակերպված է նախարարի առաջ, որը պետք է հստակ կատարվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել