Կարանտինն ու տուրիզմը․ ինչպես են Հայաստանում պատրաստվել ընդունելու զբոսաշրջիկներին |armenpress.am|
10:37 - 11 հունիսի, 2020

Կարանտինն ու տուրիզմը․ ինչպես են Հայաստանում պատրաստվել ընդունելու զբոսաշրջիկներին |armenpress.am|

armenpress.am: Ելնելով աշխարհում ստեղծված համավարակից, գրեթե բոլոր երկրները, որոնց սահմանները փակ են, այդ թվում` Հայաստանը,  քայլեր են ձեռնարկում ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Բազմաթիվ զբոսաշրջային քաղաքներ արդեն պատրաստ են պատշաճ կերպով ընդունելու իրենց հյուրերին։ 

Հայաստանում կորոնավիրուսով վարակված բազմաթիվ անձանց արտակարգ դրության օրերին բացի հիվանդանոցներից, տեղափոխում էին նաև հյուրանոցներ։ Սակայն արդեն որոշվել է ասիմպտոմ հիվանդներին չհոսպիտալացնելու կամ հյուրանոց չտեղափեխելու մասին։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ընդգծեց, որ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի (ՀՎԿԱԿ) հետ սերտ համագործակցությամբ և համաշխարհային լավագույն փորձի ու միջազգային տարբեր կառույցների կողմից առաջարկությունների ուսումնասիրության միջոցով մշակվում են զբոսաշրջության կազմակերպման գործընթացի անվտանգ ապահովմանն ուղղված տեղեկատվական ուղեցույցներ։

«Այդ ուղեցույցները տրամադրվելու են զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, այդ թվում՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներին։ Միաժամանակ, մի շարք գործընկերների և շահառու պետական մարմինների հետ համագործակցությամբ՝ նախատեսվում է իրականացնել վերպապատրաստման առցանց դասընթացներ զբոսաշրջիկներին սպասարկող օղակների կարողությունների բարձրացման նպատակով»,- ասաց Կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

Զբոսաշրջային քաղաքներն աշխուժանում են ու պատրաստվում ընդունել հանգստացողների։ 

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը նշեց, որ իրենց քաղաքի բոլոր այն հյուրանոցային համալիրները,  որտեղ պահվել են կասկածելի դեպքեր, վարակվածներ, արդեն ախտահանվել են և պատրաստ են ընդունելու զբոսաշրջիկներին։ 

«Ծաղկաձորի բոլոր հյուրանոցներն ախտահանվել են, ձեռնարկվել են բոլոր միջոցառումները, որպեսզի հնարավոր լինի զբոսաշրջիկների ընդունել։ Քաղաքապետարանն էլ իր հերթին, ոստիկանության հետ միասին, ամենօրյա հսկողություն է իրականացնում քաղաքում, ռեստորաններում, ճոպանուղիում, որպեսզի կուտակումներ չլինեն։ Դեռևս շատ այցելուներ Ծաղկաձորում չեն լինում, հիմնականում շաբաթ և կիրակի օրերին»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ Ծաղկաձորում վարակման դեպքեր այս ընթացքում չեն հայտնաբերվել։

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենք լիարժեք պատրաստ են իրենց քաղաքի այցելուներին ընդունել։

«Մենք աշխատում ենք գրեթե բնականոն կերպով, մի փոքր ավելի ենք ուժեղացրել հսկողությունը։ Այս ընթացքում ախտահանվել են Ջերմուկի բոլոր առողջարաններն ու հյուրանոցները և պատրաստ են ընդունել զբոսաշրջիկներին։ Մենք արդեն ունեցել ենք այցելուների հոսք՝ մայիսի տոնական օրերին։ Նրանցից ոմանք մեկ օրով էին եկել, ոմանք էլ գիշերակացով մնացին։ Այժմ էլ ունենք զբոսաշրջիկներ և առողջարաններում բուժվողներ»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ բոլոր առողջարաններն ու հյուրանոցներն ունեն դիմակներ և ախտահանիչ նյութեր։

Նա ընդգծեց, որ համավարակով պայմանավորված` Ջերմուկում ավելացել են ավտանգության խնդիրները և համայնքապետարանն էլ իր հերթին հնարավորին չափով օգնում է առողջարաններին և հյուրանոցներին։ Քաղաքն ախտահանելու համար էլ սարքավորումներ են դրվել։ 

Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում Ջերմուկում իրականացվում է վերահսկողություն և՛ համայնքապետարանի, և՛ ոստիկանության կողմից։ Հովհաննիսյանը շեշտեց, որ քաղաքի տարբեր հատվածներում ոստիկաններն իրականացնում են հերթապահություն, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցները ցուցումներ են տալիս քաղաքացիներին և փորձում են կարգ ու կանոն պահպանել։

«Այս պահին պետք է աշխատենք ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Կիրակի օրը՝ հունիսի 7-ին, Ջերմուկում բավականին շատ զբոսաշրջիկներ կային, հատկապես ջրվեժի մոտ։ Զբոսաշրջիկների մի մասը գիշերակացով է այցելում Ջերմուկ, մյուս մասը՝ մեկ օրով։ Առողջարաններ կան, որ այս ընթացքում ունեցել են մինչև 120-130 հանգստացող և բուժվող»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը։ 

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել