Արման Եղոյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին առնչվող հարցեր
22:30 - 10 հունիսի, 2020

Արման Եղոյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին առնչվող հարցեր

ՀՀ Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ԵՄ «վիրտուալ առաքելության» շրջանակում առցանց հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են ԱԳԵԾ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի գծով տնօրեն Լյուկ Դեվինը, Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ԱԳԵԾ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և պատվիրակության այլ ներկայացուցիչներ:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, դրա նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը, ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվել է այս տարի մեկնարկող, ՀՀ Ազգային Ժողովի հետ առաջին անգամ իրականացվող ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության Twinning գործիքով փորձի փոխառման ծրագիրը:

Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարման համատեքստում ՀՀ-ԵՄ օպերատիվ համագործակցությունն ու Հայաստանին տրամադրված ԵՄ աջակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, ՀՀ Ազգային Ժողովի և Եվրախորհրդարանի հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին առնչվող հարցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել