ՀՔԾ. Խոշոր չափերով խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի
19:19 - 10 հունիսի, 2020

ՀՔԾ. Խոշոր չափերով խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, հակամրցակցային գործունեություն ծավալելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ ՀՔԾ-ի` Երևանում ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների տեղադրման և լուսաազդանշանների պահպանման ծառայությունների գնման գործընթացում և հիշյալ ծառայությունների վերաբերյալ կնքված պայմանագրերի կատարման ընթացքում չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` խմբով, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար:

Հիշյալ ընկերության գործունեությունը փաստացի կառավարող Էդուարդ և Գևորգ Հարությունյաններին մեղադրանք է առաջադրվել 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով խարդախության կատարումը կազմակերպելու համար: Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել 195-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հակամրցակցային գործունեություն ծավալելու, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրա արդյունքում պետությանն անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նրանք ՀՔԾ քննիչի կողմից հունիսի 8-ին ձերբակալվել էին, իսկ Ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանին նույն օրը մեղադրանք էր առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հանցագործությամբ պատճառված վնասը` 255 միլիոն 824 հազար 768 դրամը երեկ ամբողջությամբ փոխանցվել է ՀՔԾ դեպոզիտային հաշվին:

Նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել