2020թ. մայիսին    ՀՀ Կոտայքի մարզպետարանից ստացված գրությունում նշված խնդիրների համաձայն՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը, ստուգումներ է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 3.7604հա մակերեսով՝ 5 տարբեր գրանցված սեփականության իրավունքով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, արոտ և այլ գործառնական նշանակության հողամասերում՝ առանց որևիցէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել  են ձկնաբուծական լճեր:

Հողամասերի նպատակային նշանակությունները  փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել: 

 Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները չօրինականացնելու պատճառով  համայնքի բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում  զգալի չափով գումարներ: 

 Արձանագրված խախտումների և թերությունների հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ  միջնորդություն է ներկայացվել  ՀՀ Կոտայքի  մարզպետին՝ կազմված ակտում արձանագրված խախտումների համար, Պտղնի համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու և միաժամանակ պարտավորեցնելու խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու համար։