Վարչապետը ներկայացրել է ԱԱԾ և ԶՈւ ԳՇ նորանշանակ ղեկավարներին |azatutyun.am|
10:16 - 09 հունիսի, 2020

Վարչապետը ներկայացրել է ԱԱԾ և ԶՈւ ԳՇ նորանշանակ ղեկավարներին |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացրել է ԱԱԾ ղեկավար կազմին և սպայակազմին։

Ներկայացնելով Արգիշտի Քյարամյանին վարչապետը նշեց. «Ուզում եմ ընդգծել, որ Ազգային անվտանգության ծառայությունը ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց նաև պետք է արձանագրենք, որ մարտահրավերները և նրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավվելու և բարեփոխվելու կարիք ունեն: Պարոն Քյարամյանի առաջ ես հենց այդ խնդիրն եմ դրել, որպեսզի Ազգային անվտանգության ծառայությունը ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում», - հայտարարեց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ այս երկու տարին բավարար ժամանակ էր, որպեսզի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «դիրքավորվեին ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ»:

«Կարծում եմ՝ հիմա եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունն ով ինչպես է օգտագործել և այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ: 2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելով ինձ համար կարևորագույն խնդիր է եղել հատկապես այնպիսի կառույցներում, ինչպիսին Ազգային անվտանգության ծառայությունն է, ուժային մարմիններն են, ապահովել համակարգերի կայունությունը», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը սպայական կազմին ներկայացնելով նորանշանակ ԶՈւ ԳՇ պետին՝ նշեց. «Ըստ էության կարող ենք ասել, որ զինվորականությունը որպես խավ կայացել է Հայաստանի Հանրապետությունում և զինվորականությունն այսօր մի մեծ ընտանիք է, որը մեր պետության ողնաշարի դերն է կատարում»:

Վարչապետն իր ելույթում նաև հավելեց. «Զինված ուժերի նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը գտնվում է հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա, և մեր խնդիրն է Զինված ուժերում ծառայության իմիջը հավասարեցնել կամ առնվազն էականորեն մոտեցնել Զինված ուժերի իմիջին: Զինվորականությունը պետք է մշտապես զգա իր կյանքում փոփոխություն, իր աշխատանքային կայանքում, իր սոցիալական երաշխիքներում պետք է զգա փոփոխություն»:

Վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեցին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, իսկ գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ: Ուժային այս կառույցների այլևս նախկին ղեկավարները՝ Արտակ Դավթյանը, Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը նախագահի այլ հրամանագրերով ազատվեցին պաշտոններից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել