Խնդիր ունենք, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը համապատասխանի հիվանդանոցային կարողությունների թվին. վարչապետ  |armtimes.com|
11:10 - 06 հունիսի, 2020

Խնդիր ունենք, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը համապատասխանի հիվանդանոցային կարողությունների թվին. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձավ կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստներին եւ շերտերին:

Նախ՝ նա խնդրեց ոչ մի դեպքում չկտրել իր խոսքերը եւ չներկայացնել առանձին, որովհետեւ այդ պարագայում կփոխվի ասելիքի իմաստը, որովհետւ այն, ինչ ինքն ասում է, պետք է հասկանալ ընդհանուր  ասելիքի կոնտեքստում:

Վարչապետը նախ հայտնեց, որ Հայաստանում նվազել է մահացության ցուցանիշը: Անցած տարի քաղցկեղից հունիսի 1-ի դրությամբ մահացել է 2307 մարդ, այս տարի՝ մոտ 100 մարդով պակաս: Ո՞րն է սրա բացատրությունը. ըստ վարչապետի՝ այն , որ քաղցկեղից պոտենցիալ մահացողների մեծ տոկոսը մահացել է կորոնավիրչուսով եւ  կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, այլ ինքն է դարձել մահվան պատճառ: Ստացվում է՝ եթե կորոնավիրուսը չլիներ, քաղցկեղակիրների մի մասը կմահանար հենց քաղցկեղից: Նույնը նաեւ շնչառական օրգանների հիվանդությունների պարագայում է, մոտ 400 մարդ ավելի պակաս է  մահացել, քան նախորդ տարի: Պատճառը դարձյալ նույնն է: Մի  հետաքրքիր բան էլ կա, մարդը քաղցկեղ ունենալով եթե բժշկի էր դիմում 1 տարվա ընթացքում, հիմա դիմելու է 1 ամսվա ընթացքում՝ պայմանավորված կորոնավիրուսով:

Այլ հիվանդությունների պատճառով մահերի թիվն էլ զգալի փոքր է:

«Հունիսի 1-ի դրությամբ մենք մահացության շատ ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին: Այստեղ մենք մեկ մեծ խնդիր ունենք, որ կորոնավիրուսով մեր երկրում հիվանդանան մարդիկ այնքան, ինչքան հիվանդատեղեր կան մեր երկրում: Այսօր երկրում 20 հազար, հնարավոր է նաեւ 25-30 հազար ասիմպտոմ վարակակիր կա կորոնավիրուսի: Հնարավոր է՝ ձեզանից յուրաքանչյուրը կորոնավիրուսով վարակված է այս պահին: Ինչ-որ տեղ դա լավ է, որովհետեւ այդ պարագայում դուք ձեռք կբերեք իմունիտետ եւ չեք վարակվի կրկին կորոնավիրուսով առնվազն 1 տարի: Այստեղ խնդիրը ուրիշներին չվարակելն է: Ես էլ ունեմ կորոնավիրուս, բայց ես կառավարություն չեմ գնում, մեր դռնից ներս ոչ ոք չի մտնում, որպեսզի մենք ուրիշներին չվարակենք:

Ինչքան շատ են վարակակիրների թիվը, այնքան ծանր եւ առանձնապես ծանր դեպքերի թիվն է ավելանում, մահերն են ավելանում: Կոնտեքստը հետեւյալն է՝ եթե 10 հազարի 5 տոկոսը 500 հոգի է, 100 հազարի 5 տոկոսը 5 հազար հոգին է, մեր առողջապահական համակարգը 5000 հոգու սպասարկել չի կարող:

Բացի հիվանդության ընթացքից, մենք տոտալ լոկդաունի մեջ ենք հայտնվում՝ տնտեսական առումով: Երբ տոտալ լոկդաունից հետո մենք սկսում ենք բացվել, վարակը շարունակում է տարածվել: Հավանականություն է առաջանում, որ մենք էլի կհայտնվենք նոր լոկդաուն հայտարարելու խնդրի առջեւ: Այս պարագայում խնդիրն այն է, որ ունքը սարքելու տեղը մենք աչքն էլ ենք հանում՝ կորոնավիրուսի խնդիրը չենք լուծում, տնտեսական առումով էլ խնդիրների առաջ ենք կանգնում:

Մեր առողջապահական համակարգն ինչ ուզի, մենք պետք է տանք: Բայց մեր միջոցներն անսահմանափակ չեն:

Մենք խնդիր ունենք, որ կորոնավիրուսով մեր հիվանդների թիվը համապատասխանի հիվանդանոցային կարողությունների թվին: Սա պետք է անել ոչ թե վարչահրամայական մեթոդով՝ բոլորդ տներում, ամեն ինչ փակում ենք տարբերակով, երբ դուք տնից դուրս չեք գալիս, աշխատավարձ չեք ստանում, աշխատանքի չեք գնում, այս դեպքում էլ խնդիր եք ունենում ոչ միայն դուք, այլեւ պետությունը, որովհետեւ հարկ չի վճարվում, թոշակ չենք կարողանում տալ:

Եթե մեր 3 միլիոն բնակչության վրա բաժանենք էս բեռը, ամենքին մի փոքր հատված կընկնի, եւ այդ բեռը համեմատաբար թեթեւ կրելով, կարող ենք մեծ խնդիր լուծել: Այլ բան է, որ այդ բեռը կրում է միայն կառավարությունը, այլ բան է, որ կրում ենք բոլորով: Չպետք է ամեն օր չմոռանանք կորոնավիրուսի մասին: Երբ աջ կողմում, ձախ կողմում տեսնում ենք դիմակով մարդ, մեր զգոնությունն էլ է բարձրանում, երբ դուք մեքենայի մեջ դիմակով եք, բարձրանում է մյուսների զգոնությունը»,-ասաց վարչապետը: 

Նա հավելեց, որ այս վարակը դեռ երկար ժամանակ մեզ հետ է լինելու: Ուրեմն ի՞նչ է պետք անել՝ փակվե՞լ, ոչ, պետք է սովորել չփակվելով դուրս գալ  շղթայից, կոտրել այս ծանրաբեռնվածությունը:

«Իրականում մեր խնդիրը ոչ թե հիվանդությունները զրոյացնելն է կամ բացառելը, որ հիվանդություններ չլինեն, այլ մեր խնդիրն է, որ հիվանդությունները գրանցվեն մեր հիվանդանոցային կարողություններին համապատասխան»:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել