Կորոնավիրուսային ժամանակաշրջանում մենք պետք է վերագնահատենք մեր վերաբերմունքը կարգապահության և մեր քաղաքացիական պարտականությունների նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան
11:30 - 05 հունիսի, 2020

Կորոնավիրուսային ժամանակաշրջանում մենք պետք է վերագնահատենք մեր վերաբերմունքը կարգապահության և մեր քաղաքացիական պարտականությունների նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան

Ես կարծում եմ, որ համավարակի այս օրերին խորը գնահատման պրոցես է տեղի ունենում, որը կապված է անհատի և պետական կարգի փոխհարաբերություններով։ Այսօր մենք առերեսվում ենք անհատի և պետական կարգի հարաբերություններին և գալիս  կանգնում ենք մի հարցի շուրջ՝ ինչպե՞ս ենք ընկալում մենք մեր պետականությունը, արդյո՞ք մեր պետությունն ու պետականությունն ընկալում ենք պատմության դասագրքերում ձևակերպված պետությունը որպես բռնության գործիք բանաձևո՞վ, թե՞ այնուամենայնիվ մենք մեր ազգային պետությունը, ՀՀ-ն դիտարկում և ընկալում ենք որպես պետություն ունենալու մեր կամքի արտահայտություն:  Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ իր կարծիքով ,  հիմա՝ կորոնավիրուսի համավարակի օրերին,  պետք է վերագնահատվի պետական կարգի և անհատի հարաբերությունները, քանի որ հին ընկալմամբ՝ օրենքները գրում են իշխողները, որպեսզի քաղաքացիներին պահեն իրենց հսկողության տակ:

«Նոր ընկալմամբ՝  պետք է լինի, որ օրենքները ստեղծում են բոլորը ՝ որպես համակեցության կանոնների ամբողջություն, որպես պայմանավորվածություն, թե ինչպես ենք մենք ապրելու և հարաբերվելու իրար հետ: Պարզ է, երբ ասում եմ, որ օրենքները ստեղծում ենք բոլորս,  նկատի ունեմ այն ինստիտուցիոնալ աստիճանների միջոցով, որոնք ձևավորվում են մարդկանց ազատ կամարտահայտության միջոցով:  Ժողովուրդը ազատ կամքով ընտրում է խորհրդարան, խորհրդարանը մշակում է օրենքներ, իսկ կառավարությունը դրանք կյանքի է կոչում։ 

Ուզում եմ հավատալ, որ հիմա Հայաստանում կրկին հեղափոխական ժամանակներ են, որովհետև 2018-ի հեղափոխության ժամանակ մենք վերագնահատեցինք, վերափոխեցինք մեր հարաբերությունները մեր ազատությունների և իրավունքների նկատմամբ: Կորոնավիրուսային ժամանակաշրջանում մենք պետք է վերագնահատենք մեր վերաբերմունքը կարգապահության և ընդհանրապես մեր քաղաքացիական պարտականությունների նկատմամբ։  Այս առումով պետական բյուջեն ունի առանձնահատուկ նշանակություն։ 

Բյուջեի՝  հանրության կողմից  հին ընկալումը  հետևյալն է՝ բյուջեն ընդունում են իշխողները, որպեսզի մեր աշխատանքը մեր ձեռքից տանեն, մեզ թալանեն։ Բյուջեի նոր ընկալումը պետք է լինի հետևյալը, որ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձևավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները բավարարելու համար։ Ես համոզված եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով»,- հավելեց վարչապետը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել