Ինչու պարետատան թեժ գիծը չի աշխատում ոչ աշխատանքային ժամերին․ պարզաբանում են կառավարությունից |fip.am|
14:47 - 03 հունիսի, 2020

Ինչու պարետատան թեժ գիծը չի աշխատում ոչ աշխատանքային ժամերին․ պարզաբանում են կառավարությունից |fip.am|

fip.am: Պարետ Տիգրան Ավինյանը մարտի 21-ին տեղեկացրել էր, որ գործարկվել է պարետատան թեժ գիծը։ 

«Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին»,- գրել էր պարետը։ 

«Փաստերի ստուգման հարթակի» ընթերցողները, սակայն, ահազանգում են, որ 

վերջին օրերին ժամը 18։00-ից հետո թեժ գծի միջոցով պարետատան հետ կապ հաստատել չի ստացվում։

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ փոփոխություն է արվել թեժ գծի աշխատանքային ժամերի մեջ՝ հաշվի առնելով զանգերի քանակի կտրուկ նվազումը։ 

Նշենք, որ մարտի 21-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում թեժ գիծը սպասարկել էր ավելի քան 37 հազար զանգ։

Նոր փոփոխությունների մասին, սակայն, հրապարակային որևէ հայտարարություն չի արվել։

«Պարետատան թեժ գիծ սովորաբար զանգահարում էին սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, սակայն վերջին շրջանում զանգերի քանակը կտրուկ նվազել է։ Նախկինում եթե օրական սպասարկվում էր 4-ից 5 հազար զանգ, ապա այժմ զանգերի թիվը 400-ից 500-ի սահմաններում է»,- նշեց Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ պարետատան հետ առողջապահական հարցերով կարելի է կապ հաստատել մինչև 18։00-ն, իսկ 24-ժամյա գրաֆիկով շարունակելու են աշխատել Առողջապահության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գծերը։

Անի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել