Մայիսի 30-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը իր հերթական տեսաուղերձում անդրադարձել էր Հայաստանի ձեռք բերած  «ՕՍԱ-ԱԿ» հակաօդային պաշտպանության համակարգին. «Այդ գերժամանակակից զենքը հանվել է արտադրությունից 1985 թվականին։ Սկսվել է արտադրությունը 1975 թվականին և հանվել է արտադրությունից 80-ականի կեսերին։ Եվ Հայաստանի Հանրապետության վարչապետը նույնիսկ չի տիրապետում՝ ինչ է ինքը ասում, որովհետև նրանք չեն գնել «ՕՍԱ-ԱԿ», նրանք գնել են «ՕՍԱ-ԱԿՄ»։ Բայց այդ 35 մեքենայից հանված են բոլոր «բիռկաները», որոնք կարող են վկայել իրական տարիքի մասին։ Եվ ուղղակի լավ նորոգված, լավ ներկված են, բայց նույնիսկ մեկը պաշտպանության նախարարությունը չի ընդունել «բռակ» լինելու պատճառով»։

Այս հայտարարությանը հաջորդեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ՀՀ բյուջեից 15 մլրդ դրամ է տրվել՝ բանակի համար զենք գնելու նպատակով, սակայն այն մինչեւ հեղափոխությունը Հայաստան չի մտել, իսկ եղափոխությունից հետո այդ զենքը բերվել է այդ մարդու միջոցներով Հայաստան՝ փակելով պարտքը:

Մեր տեղեկություններրով` Հրաչյա Հակոբյանի նշած մարդը Դավիթ Գալստյանն է, ով, ՍիվիլՆեթի տեղեկություններով, դեռևս անցած տարի նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։

Ըստ մեր աղբյուրի՝ Հայաստանը «ՕՍԱ-ԱԿ» հակաօդային համակարգեր ձեռք բերելու նպատակ է ունեցել դեռևս 10 տարի առաջ։ Հետագայում վերոնշյալ գումարը տրվել է Դավիթ Գալստյանին` Ուկրաինայից 22 միավոր «ՕՍԱ-ԱԿ» համակարգեր ձեռք բերելու համար՝ հատը շուրջ 1,4 միլիոն դոլարով։ Այնուհետև, 2013 թվականին այդ երկրում տեղի ունեցած հայտնի քաղաքական իրադարձություններով պայմանավորված, գործարքը տեղի չի ունեցել։

2018 թվականին` հեղափոխությունից հետո գործարքը վերակնքվել է նույն Դավիթ Գալստյանի հետ, ով պարտավորվել է 27 միլիոն դոլարով «ՕՍԱ-ԱԿ» համակարգերի փոխարեն Հայաստան բերել 35 ավելի արդիական՝ «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգեր։ Այս դեպքում միավոր տեխնիկայի արժեքը կազմել է շուրջ 770 հազար դոլար։ Բերված համակարգերը Պաշտպանության նախարարությանն են հանձնվել արդեն վերանորոգված և արդիականացված։ Նորոգումը և մոդերնիզացումը կատարվել է ՀՀ-ում՝ նշված գումարի շրջանակներում: Այս համակարգերի հետ ներմուծվել են նաև հրթիռներ․ նախատեսված 300-ի փոխարեն շուրջ 400-ը։  

Այսպիսով՝ այս գործարքով ընդամենը փակվել է այն պարտքը, որի մասին խոսում է Հրաչյա Հակոբյանը։

Սակայն վերոնշյալ անձի՝ զենքի և զինամթերքի հետ կապված գործարքներն այսքանով չեն սահմանափակվում։ Ինչպես նշում է Պաշտպանության նախարարության մեր աղբյուրը՝ հետխորհրդային երկրներից մեկից գնվել է մեծաքանակ ռազմական տեխնիկա՝ զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ, որոնց արդիականացումը նախատեսվում է իրականացնել Հայաստանում․ ներկայումս ստեղծվում է վերանորոգման գործարան։

Մեր զրուցակցի պնդմամբ՝ առանց հավելյալ ծախսերի իրականացվել է նաև ՀՀ ԶՈւ-երի սպառազինության համար ԱԿ-Մ  ինքնաձիգների  փոխարինումը Կալաշնիկովի հարյուրերորդ շարքի ինքնաձիգներով, իսկ վերջին ամիսներին՝ փակ սահմանների պայմաններում ներմուծվել են նաև բազմաքանակ արկեր և այլ ռազմամթերք։

Նշենք նաև, որ դեռևս 2018-ի օգոստոսի 21-ին պաշտպանության նախարարությունը հաղորդել էր Royalsys Engineering LTD ընկերության և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև կնքված պայմանագրի մասին, որով Հայաստանում պետք է հիմնվեր «Կալաշնիկով»-ի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն։ Royalsys Engineering LTD ընկերության նախագահը նույն Դավիթ Գալստյանն է։ Սակայն այս արտադրության վերաբերյալ վերջին հիշատակումը Պաշտպանության նախարարության պատասխանն է Սիվիլնեթի հարցմանը, որտեղ նշվում է, որ «Կալաշնիկովի» լիցենզավորված հավաքման նմուշների արտադրության գործընթացը գտնվում է ՌԴ կողմից համապատասխան արտոնագրի տրամադրման փուլում» և որ այս գործընթացում իրենք ստանձնած պարտավորություններ չունեն։