Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի արձանագրման առաջին իսկ օրերից Հայաստանը սերտորեն համագործակցել է Վրաստանի հետ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
20:36 - 30 մայիսի, 2020

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի արձանագրման առաջին իսկ օրերից Հայաստանը սերտորեն համագործակցել է Վրաստանի հետ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի արձանագրման առաջին իսկ օրերից Հայաստանը սերտորեն համագործակցել է Վրաստանի հետ։ Ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը՝ անդրադառնալով  Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությանն այն մասին, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։

«Կորոնավիրուսի համաճարակի դեպքերի արձանագրման առաջին օրվանից սերտորեն համագործակցել ենք Վրաստանի կառավարության հետ։ Այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում։ Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը։ Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է փոխադարձաբար պատրաստակամություն ունենան միմյանց օգնելու։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել։ Եվ այս ընթացքում մենք մշտապես պետք է իրար կողքի լինենք, իրար աջակցենք, որովհետև համաճարակները մեր ընդհանուր օրակարգի հարց են, ընդհանուր սպառնալիք են։ Մենք մեր հարևաններ Վրաստանի, Իրանի և մեր միջազգային գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցել»,- եզրափակեց Փաշինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել