ՀՀ և ԻԻՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչներ տեսակոնֆերանս են ունեցել․ օրակարգում եղել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրը
20:29 - 30 մայիսի, 2020

ՀՀ և ԻԻՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչներ տեսակոնֆերանս են ունեցել․ օրակարգում եղել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրը

Իրանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեցին հեռավար բանակցություններ ՀՀ և ԻԻՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչների միջև տեսակոնֆերանսի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

ՀՀ կողմից բանակցությունները վարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, իսկ ԻԻՀ կողմից՝ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Համիդ Զադբումը: Քննարկմանը մասնակցեցին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը և կողմերի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Բանակցությունների օրակարգում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրն էր (մասնավորապես՝ ապրանքափոխանակության տարբեր մեխանիզմների կիրառման միջոցով)՝ համաձայն ս.թ. ապրիլի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության:

Քննարկվեցին «գազ-ապրանք» և «ապրանք-ապրանք» փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները, և կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այդ ուղղությամբ միմյանց ներկայացնել հստակ առաջարկություններ:

Տեսակոնֆերանսի մասնակիցները համաձայնության եկան կանոնակարգել նմանատիպ քննարկումների անցկացումը և առաջարկություններ ներկայացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում առաջիկա անելիքների ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել