Պատմության խեղաթյուրումներն Ադրբեջանի գործելաոճի անբաժան մասն են կազմում․  Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|
20:21 - 30 մայիսի, 2020

Պատմության խեղաթյուրումներն Ադրբեջանի գործելաոճի անբաժան մասն են կազմում․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

- Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մեր հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»: Նա նաև նշել է, որ ուժի միջոցով հարցի լուծման ճանապարհն է իրենց համար նախընտրելի: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները:

- Այո՛, Իլհամ Ալիևը հերթական անգամ արտահայտել է այն թեզերը, որոնք ինքը տարիներ շարունակ արտահայտում է: Ինչ վերաբերում է Երևանի վերաբերյալ իր հայտարարությանը, պետք է նշեմ, որ պատմական փաստերի խեղաթյուրումը  Ադրբեջանի հայտնի գործելաոճն է: Հենց նույն հարցազրույցում անդրադառնալով Սումգայիթի հայտնի ողբերգական դեպքերին, կրկին ամբողջությամբ խեղաթյուրում է, մինչդեռ այնքան փաստեր կան, արձանագրություններ կան, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին Սումգայիթում: Պատմության խեղաթյուրումներն Ադրբեջանի գործելաոճի անբաժան մասն են կազմում:

Ալիևը հերթական անգամ իր հայտարարության մեջ խոսել է սպառնալիքի լեզվով և մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով նաև համապատասխան միջազգային մթնոլորտի մասին՝ ռազմական գործողություններ ձեռնարկելուց առաջ: Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը, առավել ևս այն միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության պահպանման համար, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարությունների հանդեպ: Որովհետև անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը և հանգեցնել նոր էսկալացիայի տարածաշրջանում, աղետալի հետևանքներ է ունենալու առաջին հերթին հենց Ադրբեջանի  համար:

Եթե Ադրբեջանի սադրանքների, սանձազերծած ագրեսիայի հետևանքով մեր անվտանգության գոտին էլ ավելի ընդլայնվի, այդ ժամանակ թող որևէ միջազգային կառույց ու կազմակերպություն կամ պետություն չզարմանա և զերծ մնա հայտարարություններից, թե ինչ տեղի ունեցավ, որովհետև իրենց անտարբերությունը կարող է հանգեցնել իրադարձությունների նման զարգացման:

Ալիևի այս վերջին հայտարարությունը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ մենք, խոսելով կենսական անվտանգության մասին և նշելով, որ դա զիջման ենթակա չէ, իրապես պաշտպանում ենք մեր կյանքի իրավունքը: Մեզ համար սա տարածքային խնդիր չէ, մեզ համար սա գոյության, ապրելու խնդիր է, և մենք շարունակելու ենք տարբեր ուղղություններով աշխատել, որպեսզի նաև մեր միջազգային գործընկերներին տեղ հասցնենք այս ուղերձը:

Կրկնեմ, միջազգային հանրության և հատկապես համապատասխան կառույցների հանցավոր լռությունը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ, եթե իրենք շարունակեն փակել իրենց ականջները Ալիևի ռազմատենչ հայտարարությունների և հայերին ու Հայաստանին ուղղված գոյության սպառնալիքի վերաբերյալ, որովհետև հենց բանակցային սեղանի շուրջ են համաձայնեցվել այն երեք կարևոր կետերը, որոնցից մեկը ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառումն է: Իսկ Ադրբեջանը շարունակ գնում է այդ կետի խախտմանը, և դրա հանդեպ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր լինի: 

- Ինչպե՞ս եք գնահատում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պատասխանը Ալիևին, որ եթե ընտրել եք ուժի միջոցով հարցը լուծելու ճանապարհը, մենք պատրաստ ենք:

- Կարևոր եմ համարում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ ի պատասխան Ալիևի: Այո՛, մեզ հետ չի կարելի խոսել սպառնալիքի լեզվով, ցանկացած սադրանքի պատասխանը հաստատ չի ուշանալու: Ավելին ասեմ, հավանաբար Ալիևը մոռացել է, որ հենց իր հոր իշխանության օրոք էին ադրբեջանցիները փորձում ուղղակի կապ հաստատել Արցախի ներկայացուցիչների հետ՝ աղերսելով հրադադար կնքել, և հրադադարը կնքվել է եռակողմ:

Ավելին, Հեյդար Ալիևը եղել է այն առաջնորդը, որը ուղիղ կապի մեջ է մտել Արցախի իշխանությունների հետ՝ քաջ գիտակցելով, որ այլ տարբերակ իրենք չունեն: Այժմ տարբեր որակումները, որ նրանք տալիս են Արցախի իշխանություններին, այնտեղ կայացած ընտրություններին, ըստ էության իրենք մոռացել են, թե ինչպես էին իրենք խնդրում այդ խաղաղությունը: Եթե հիմա իրենք գնան արկածախնդրության, նույն պատմությունն իրենց համար ևս մեկ անգամ կկրկնվի:

 

Շարունակությունը՝ lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել