Արցախի դրոշը չի մոռացվել. չդրվելու պատճառներն արարողակարգային են
09:07 - 29 մայիսի, 2020

Արցախի դրոշը չի մոռացվել. չդրվելու պատճառներն արարողակարգային են

Մայիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում: Հանդիպման ժամանակ տեղադրված էր միայն ՀՀ պետական դրոշը, ինչը դարձյալ քննարկումների առիթ դարձավ համացանցում:

Հրապարակ առցանց պարբերականը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպմանը «Ու՞ր է Արցախի հանրապետության դրոշը...»  վերտառությամբ հոդվածով, որտեղ մասնավորապես նշվում է, որ տեղի է ունեցել առաջին պաշտոնական հանդիպումն Արցախի հանրապետության նախագահի հետ և դա պետք է լիներ արժանապատիվ հանդիպում՝ հարգվեր Արցախի Հանրապետության դրոշը:

Հրապարակի հոդվածում նաև նշվում է, որ եթե 2019 թվականի հոկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ կառավարությունում, ընդունել էր Բակո Սահակյանին և հանդիպմանը տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, որը քննարկումների առիթ դարձավ, բայց և լռեցվեց՝ իբր մոռանալու պատճառով է եղել, այսօր դա ընկալելի չէ:   

Նախ նշենք, որ նախորդ հանդիպման ժամանակ Արցախի դրոշի բացակայության վերաբերյալ պարզաբանում էր տվել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը. «Եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված են եղել երկու դրոշները, եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված է եղել միայն Հայաստանի Հանրապետության դրոշը: Մենք հիմա ճշտում ենք` ո՞րն է ճիշտ, և հաջորդ հանդիպմանը կլինի այնպես, ինչպես պահանջում է արարողակարգը»: 

Հետևաբար՝ Հրապարակի այն պնդումը, որ քննարկումների առիթ դառնալուց հետո թեման լռեցվել է՝ իբր մոռանալու պատճառով է եղել, չի համապատասխանում իրականությանը: 

Արցախի հանրապետության դրոշի բացակայությունը կրում է զուտ ընթացակարգային բնույթ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողասյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ պրոտոկոլային կարգն է այդպես:

«Այնպես չէ, որ առաջին անգամ է, որ Հայաստանում հանդիպումների ընթացքում բացակայում է Արցախի դրոշը։ Այդպես է եղել թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի օրոք։ Նախկինում երբևէ Հայաստանում հանդիպումների ընթացքում Արցախի դրոշը չի եղել, քանի որ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի անկախությունը, հետևաբար, հայաստանյան հանդիպումներում տեղադրվում է հայկական դրոշը։ Ուզում եմ շեշտել, որ ոչ թե ՀՀ-ի, այլ հայկական դրոշը։ Իհարկե, մենք կուզեինք Արցախը տեսնել անկախ, ապա միացված Հայաստանին, սակայն ամեն դեպքում գործընթացները դեռևս ավարտված չեն ու այստեղ աննախադեպ բան չկա»,-ասել է Պողոսյանը։

2019 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ դարձյալ Արցախի հանրապետության դրոշը տեղադրված չի եղել:

Սա համացանցում քննարկումների առիթ դարձավ, ինչին անդրադարձավ Fip փաստերի ստուգման հարթակը, որտեղ նշվում էր, որ դա առաջին անգամը չէր, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարների հանդիպման ժամանակ բացակայում էր Արցախի Հանրապետության դրոշը:

Այսպես, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը 2018 թ. ապրիլի 24-ին Երևանում ընդունել էր Բակո Սահակյանին: Հանդիպումը եղել էր նույն սրահում, որտեղ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին ընդունել էր Արցախի նախագահին, և ինչպես տեսնում եք Կարապետյանի և Սահակյանի հանդիպման լուսանկարներում, այդ օրը ևս բացակայել է Արցախի դրոշը:

Դրոշի բացակայությունն ակտիվ քննադատեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, սակայն պարզվում է, որ Քոչարյանը ևս 2007 թ. Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ «մոռացել էր» ԱՀ դրոշը տեղադրել:



Արցախի դրոշի «մոռանալը» հատկապես մտահոգել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ինչպես նշեցինք, ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի ժամանակ ևս դրոշը բացակայել էր: Սակայն սա ամենը չէ: Պարզվում է՝ Արցախի դրոշը մոռացել էր նաև երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այսպես, դրոշը բացակայում է Սերժ Սարգսյան-Բակո Սահակյան 2009 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Եղել են հանդիպումներ Արցախում, երբ տեղադրված է եղել միայն Արցախի դրոշը: Օրինակ՝ 2013 թ. օգոստոսի 31-ին Բակո Սահակյանն ընդունել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս հանդիպմանը տեղադրված էր միայն ԱՀ դրոշը:

Այսպիսով՝ Հրապարակի այն պնդումները, որ չի հարգվել Արցախի Հանրապետության դրոշը, կամ քննարկումների առիթ դառնալուց հետո լռեցվել է՝ իբր մոռանալու պատճառով է եղել, չեն համապատասխանում իրականությանը և մանիպուլատիվ են:

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել