Շուրջ 2000 քաղաքացիների նկատմամբ կազմվել են արձանագրություններ. ոստիկանապետ |1lurer.am|
18:51 - 28 մայիսի, 2020

Շուրջ 2000 քաղաքացիների նկատմամբ կազմվել են արձանագրություններ. ոստիկանապետ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց համավարակի կանխարգելման շրջանակներում ոստիկանության ստուգայցերի արդյունքները:

Ոստիկանապետը նշեց, որ երկու օր դրանք իրականացվել են Դավիթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում, այսօր ստուգայցեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում:

«Ընդհանուր առմամբ այս ռեյդերի արդյունքներով Դավիթաշեն վարչական շրջանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում՝ 124 քաղաքացի: Տեսչական մարմինների կողմից կասեցվել է 62 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն»,- տեղեկացրեց ոստիկանապետը: Արման Սարգսյանի խոսքով՝ վարչական շրջաններում ստուգայցերը ոչ թե մեկանգամյա բնույթ կունենան, այլ՝ պարբերաբար կկրկնվեն:

Հայաստանի Հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ և անցակետեր, որոնք ոստիկանության ծառայողներին հնարավորություն են տալիս մշտադիտարկել տրանսպորտային միջոցները, որոնցով երթևեկում են քաղաքացիները՝ նշեց Սարգսյանը:

«Ոստիկանության ծառայողները ուսումնասիրում և մշտադիտարկում են իրականացնում հետևյալ ուղղություններով. քաղաքացիների մոտ դիմակի առկայություն բաց տարածքում, կանգառներում դիմակ կրելու հանգամանքի ստուգում, տաքսիների վարորդների դիմակի պարտադիր կրում ուղևորի ներկայության դեպքում և, տրանսպորտային միջոցը դիտարկելով որպես փակ տարածք՝ քաղաքացիների կողմից մեկից ավելի ուղևորի դեպքում դիմակի պարտադիր կրում: Վերջին օրերին իրականացված վարչարարության ընթացքում շուրջ 2 հազար քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և դրանք լինելու են շարունակական»,- վստահեցրեց Սարգսյանը:

Ոստիկանապետը հորդորեց զերծ մնալ հանգստյան օրերին արշավներ կամ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել