Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել. դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ |armtimes.com|
16:56 - 28 մայիսի, 2020

Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել. դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու որոշման հիմքում դատարանը դրել է այն հանգամանքը, որ գործի քննությանը խոչընդոտելու վտանգը դեռ չի վերացել, եւ խափանման միջոց չկիրառելու պայմաններում հնարավոր չի լինի ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը:

Մայիսի 13-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու, գրավով կամ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունները:

Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ, քննարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, դատարանը նախ անդրադարձել է պաշտպանության կողմի միջնորդություններում ներկայացված հիմքերին: Ըստ այդմ, արձանագրել է, որ պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդության հիմքում դրվել են Քոչարյանի առողջական վիճակի մասին փաստական տվյալներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի՝ 2020 թվականի մարտի 20-ի զեկույցը՝ կորոնավիրուսային հիվանդության համատեքստում ազատությունից զրկված անձանց վերաբերյալ:

Պաշտպանների կողմից վկայակոչվել է նաեւ այն հանգամանքը, որ նախաքննությունը վաղուց ավարտված է, դատակոչված բոլոր վկաների և տուժողների ցուցմունքներն արձանագրված են, ստուգումներն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են համարել մեղադրանքի կողմը, ավարտված են, որպիսի պայմաններում Քոչարյանին կալանքի տակ թողնելը, պաշտպանի կարծիքով, կհակասի Եվրոպական կոնվենցիային:

Գնահատելով այս փաստարկները՝ դատարանը մեջբերել է ԵԽ ԽԿԿ հիշյալ զեկույցից մի հատված, ըստ որի՝ թեեւ անձնական շփումների ռիսկայնությունը հաշվի առնելով՝ համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ, ինչը պարտադիր է հատկապես խոցելի խմբերի եւ գերբնակեցման պայմաններում, սակայն այդ սկզբունքները չեն բացառում ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումն անգամ խոցելի խմբերում ընդգրկված անձանց նկատմամբ և չեն պարտադրում իրավասու մարմիններին բոլոր դեպքերում անվերապահորեն կիրառել ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ.

«Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատությունը սահմանափակելու հիմքերին՝ դատարանը փաստում է, որ գործի քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել և դատավարության տվյալ փուլում շարունակում է առկա լինել՝ նկատի ունենալով, որ գործում առկա որևէ ապացույց դեռևս չի հետազոտվել: Ըստ այդմ, չի վերացել խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը, առանց որի հնարավոր չի լինի ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը»,- ասված է որոշման մեջ:

Ինչ վերաբերում է որպես խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությանը, դատարանն արձանագրել է, որ դրա հիմքում դրվել են համավարակով պայմանավորված իրադրության և Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին փաստարկները, ինչպես նաև դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու անհնարինության մասին դատողությունները, ինչը պաշտպանի կողմից պատճառաբանվում է նրանով, որ վկաների ցուցմունքների հնարավոր փոփոխման կամ այլ հանգամանքի դեպքում դատարանը հնարավորություն ունի նախապատվություն տալ հենց նախաքննական ցուցմունքներին, հետևաբար խոչընդոտելու ռիսկ, որպես այդպիսին, առկա լինել չի կարող:

Քննարկելով այն հարցը՝ հնարավո՞ր է արդյոք չեզոքացնել գործի քննությանը խոչընդոտելու վտանգը կալանավորումից նվազ խստության խափանման միջոցի, մասնավորապես՝ անձնական երաշխավորության կամ գրավի կիրառման պայմաններում՝ դատարանն արձանագրել է, որ թեև դատավարության ներկա փուլում նշված ռիսկը նվազել է՝ նախնական քննության փուլի համեմատ, երբ իրականացվում էր ապացույցներ հավաքելու գործընթաց, սակայն վերոգրյալը չի նշանակում, որ այն նվազել է այնքան, որ վերացած համարվի Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը. «Մասնավորապես՝ հիմք ընդունելով, որ գործի քննությունը դեռևս չի անցել դատաքննության փուլ, և ներկա դրությամբ հետազոտված չէ գործով ձեռք բերված որևէ ապացույց՝ դատարանը հիմնավոր չի համարում պաշտպանության կողմի փաստարկները՝ գործի քննությանը խոչընդոտելու վտանգի բացակայության մասին և գտնում է, որ ներկայումս դրա շեմը շարունակում է մնալ բավարար բարձր՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտ լինելու տեսանկյունից»: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել