Բանկային երաշխիքը չի հանվելու, իզուր թող Ձեր միջոցով լոբբինգ չանեն ատկատիստները. Նիկոլ Փաշինյանը՝ Գևորգ Գորգիսյանին 
 |tert.am|
19:58 - 27 մայիսի, 2020

Բանկային երաշխիքը չի հանվելու, իզուր թող Ձեր միջոցով լոբբինգ չանեն ատկատիստները. Նիկոլ Փաշինյանը՝ Գևորգ Գորգիսյանին |tert.am|

tert.am: Պանդեմիայով պայմավարոված՝ ճգնաժամային իրավիճակ ենք ապրում և այս իրավիճակում պետության կողմից երկու կարևոր գործառույթ կար, որ պետք է իրականացվեր՝ առաջինը քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրերն էին, որոնք թվով շատ են, բայց արդյունավետության տեսանկյունից խնդրահարույց են, ինչը փաստ է և բոլոր քաղաքացիներն են դա արձանագրում, և մյուսը՝ կապտիալ շինարարության հարցերն են, որի մասին խոսեց գործընկերս: Այս մասին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամվոր Գևորգ Գորգիսյանը:

Վարչպետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ Գորգիսյանը նշում է, թե բոլոր քաղաքացիներն արդեն արձանագրում են, նա բոլոր քաղաքացիներին ներկայացնելու լիազորություն չունի:  

«Առնվազն շատ քաղաքացիներ նամակներով դիմում են մեզ և շնորհակալություն են հայտնում աջակցության համար: Ես կարծում եմ՝ ձեր խմբակցությունը պետք է կողմնորոշվի: Նոր մի պատգամավոր հարց էր տալիս, ասում էր՝ կեղծ երաշխիքներ են ներկայացրել, ակնարկում էր՝ այդտեղ ծանոթ-բարեկամ ինչ-որ կապեր կան, եթե այդպիսի ծանոթ-բարեկամ կապեր կան ազդեցիկ, ի՞նչն էր խանգարում, որ այդ կապերն ազդեին, որ այդ երաշխիքի ինստիտուտը չմտներ, որ կեղծ երաշխիք չներկայացնեին, չբռնվեին և քրեական պատասխանատվության չենթարկվեին: Այդ երաշխիքի ինստիտուտի մասին պարզ ասել եմ՝ չի վերացվելու: Նրանք, ովքեր ուզում են վերացվի, նրանք լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատկների մեխանիզմը շարունակվի: Ես չգիտեմ՝ հիմա գուցե իշխանությանը ատկատ չեն տալիս, սկսել են ատկատ տալ ընդդիմությանը, բայց դա չի վերացվելու, ուզում եք դրա մասին հազար անգամ հարցրեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ես Ձեզ կոչ եմ անում, պարոն վարչապետ ջան, ատկատների և նման այլ պախարակելի բաներից խոսելիս՝ ունենալ որոշակի փաստեր, այլապես Ձեր խոսքն արժեզրկվում է»,- հակադարձեց Գորգիսյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ չի հանվելու բանկային երաշխիքը և իզուր թող նրանց միջոցով լոբբինգ չանեն ատկատիստները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել