Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․05․20 (թարմացվող)
22:53 - 27 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․05․20 (թարմացվող)

22:52-  Լրատվականներից մեկը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, նյութ է հրապարակել՝ նշելով, որ ՀՀ ԱԳՆ երկու փոխնախարար վարակված են նոր տիպի կորոնավիրուսով։ Այս առնչությամբ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» մեկնաբանություն է խնդրել արտաքին գերատեսչությունից, որտեղից հայտնեցին, որ տեղեկությունը կեղծ է։ ԱԳՆ երկու փոխնախարարներից ոչ ոք նոր տիպի կորոնավիրուսով վարակված չէ։


21:20- Կարանտինին վերադարձ կլինի, եթե քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության: Խոսքը ոչ միայն հիվանդանոցներում օգնության մասին է, մենք առաջին օղակի միջոցով օգնություն ենք տրամադրում նաև տանը։ [Արսեն Թորոսյան]


21:15- Պարետատունը քննարկում է գրադարաններն այցելուների համար բացելու հնարավորությունը: [Արայիկ Հարությունյան]


20:40- Անդրադառնալով մանկատան երեխաների վիճակին՝ Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ վարակը երեխաների համար ավելի քիչ է վտանգ ներկայացնում։ Այնուամենայնիվ, հատուկ բժշկական պոստ է տեղադրվել մանկատանը՝ մշտական բժշկի ներկայությամբ, որպեսզի տեղի ունենա մշտական հսկողություն եւ կարիքի դեպքում՝ հոպիտալիզացիա։ |Armtimes.com|


20:00-  ԱՀ պետական նախարարի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պաշտոնապես հերքում են այն տեղեկությունը, թե, իբր, պետական նախարարի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Պարզապես, ընտանիքի անդամը վերջին շրջանում թոքի վիրահատություն է տարել և առաջացել էր հետվիրահատական բարդություն: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


17։38- ՀՀ վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հաստատեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Վերջինիս խոսքով կորոնավիրուս է հայտնաբերվել դատավորներից մեկի նիստերի քարտուղարի մոտ, ով այս պահին մեկուսացված է, իսկ նրա հետ անմիջական շփում ունեցած դատավորի կազմը (դատավոր, օգնական, գործավար), ինչպես նաև դատարանի ևս հինգ այլ աշխատակիցներ  ինքնամեկուսացված են։ |news.am|

 

16։44- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում մարդասիրական աջակցություն կտրամադրվի Երևանում և հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքների՝ մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։ Հուշագրի նպատակը Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական խնդիրների չեզոքացումն է և թիրախային և հասցեական աջակցության տրամադրումը: [Սոցապնախարարություն]

 

16։19- Կառավարությունը վերաբաշխում կատարեց բյուջեի միջոցառումներում և 50 մլն դրամ հատկացրեց ՀՀ մարզերին` յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ դրա շրջանակներում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին հատկացնել սննդամթերք, սանիտարահիգիենիկ պարագաներ ու ապահովել դրանց տեղափոխման, պահեստավորման եւ բաշխման աշխատանքներն՝ ըստ մարզերի: |armenpress.am|

 

15։32- Ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում ընդունված է կազմակերպել ուխտագնացություններ, արշավներ, խնջույքներ, հավաքույթներ և զանգվածային այլ միջոցառումներ։ Համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից։ Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում հանգիստը կազմակերպել՝ չխախտելով Պարետի որոշումները։ [Ոստիկանություն]

 

15։21- Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ [Ոստիկանություն]

 

14։17- Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 20-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել է 245 պացիենտ։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ օրս Շիրակի մարզի 340 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղե։ Արձանագրվել է մահվան 9 դեպք։ [Շիրակի մարզպետարան]

 

14։06- ԱԱՏՄ աշխատակիցներն անվտանգության կանոնների պահպանումը դիտարկել են Արմավիրի ու Արարատի մարզերի շուրջ 600 տնտեսվարողի մոտ։ Դրանցից մոտ 500-ի մոտ արձանագրվել են պարետի ցուցման խախտումներ։ Ժամանակավոր` 24 ժամով կասեցված տնտեսվարողների թվում են մանրածախ առևտրի կազմակերպություններ, գեղեցկության սրահներ, ատամնաբուժական կլինիկաներ եւ այլն։ [ԱԱՏՄ]

 

12։55- Պետական օժանդակության 19-րդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75%-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25%ը՝ որպես դրամաշնորհ։ Ծրագրի շահառու են այն կազմակերպությունները կամ ԱՁ-ները, որոնք

  • աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվող հարկային և վարկային պատմություն,
  • գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում: [ՀՀ կառավարություն]

 

12։17- Ընդհանուր առմամբ կազմվել է 966 արձանագրություն։ Քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով ոստիկանության կողմից  կազմվել է 240 արձանագրություն։ Ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների խախտման  կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ։Այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան թվաքանակով անցակետեր։ [Ոստիկանապետ Արմեն Սարգսյան]

 

12։00- Մեկ  շաբաթում հանրային սննդի 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր կփակվի՝ պարետի որոշմամբ։ Առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթում  290 տնտեսվարող  սուբյեկտներ են փակվել 24 ժամյա ռեժիմով։ Նաև հսկողություն է իրականացվում մանկապարտեզներում, որպես այդպիսին փակված մանկապարտեզ չկա։ Մանիտորինգի արդյունքում շուրջ 120 մանկապարտեզների հաճախության ցուցանիշը շատ ցածր է՝ հաճախում է երեխաների մոտ 8․3 տոկոսը։ [Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան]

 

11։35- Նախ ուզում եմ արձանագրել, որ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, և մենք ,ըստ էության, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ։ Այս իրավիճակի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք գիտենք այն ձևը, որով կարող ենք հիվանդացության մեր ցուցանիշները հասցնել զրոյի։ Կորոնավիրուսի ցուցանիշները նվազեցնելու համար պետք է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորություն պարբերաբար ախտահանել ձեռքերը։ [Նիկոլ Փաշինյան]

 

11։24- Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։55-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

11։00- Թարմացվել է 27.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 7774 (+372)
Առողջացածներ - 3255 (+35)
Փաստացի բուժվողներ -4377
Ընդհանուր թեստեր - 53678
Մահվան ելքեր - 98 (+7)
Մահվան ելքեր այլ պատճառով –44 (+5) [ ԱՆ]

 

09։55- Ի պատասխան «Ժամանակ» թերթի՝ «Հերթեր՝ Հրազդանի հիվանդանոցում կորոնավիրուսի անալիզներ հանձնելու համար» վերտառությամբ հրապարակման 

ՀՀ-ում գործող ցանկացած բուժհաստատությունում այս օրերին դիմելիության աճ է արձանագրվում։ Հերթերը պայմանավորված են բացառապես այդ հանգամանքով։ «Հրազդան» ԲԿ-ն ունի բավարար քանակի մարդկային, նյութատեխնիկական ռեսուրս նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու և մեր քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը ժամանակին և պատշաճ իրականացնելու համար։ [Կոտայքի մարզպետարան]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․05․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել