Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որով կառուցապատողը  Կոնդի՝ եզակի պահպանված բնական տարածքում կառուցապատման շինթույլտվություն է ուզում։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելիներս, մի քանի շատ կարևոր հարցի վրա կուզեի սևեռել ձեր ուշադրությունը։ Փորձել եմ մի քանի ամիս չկենտրոնանալ քաղաքաշինական խնդիրների վրա, բայց, այնուամենայնիվ, առանձնացրել եմ երկու կարևոր հարց, որոնք կարող են ճակատագրական լինել Երևանի ինքնության և ենթակառուցվածքների առումով։

Առաջինը՝ տեղեկացա, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որը կարծես վերջնական մեխն է խրելու Կոնդի՝ այդքան տանջված հարցում, այն է՝ (նկարները կցված են) Սարյան փողոցի վրա պահպանված եզակի բնական տարածքում կառուցապատողը դիմել է շինթույլտվություն ստանալու համար։

Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու եմ հատկապես դեմ։

Նախ, տևական ժամանակ հետևելով Կոնդի խնդիրներին, փորձել եմ հասկանալ, թե ինչու է Երևանի ամենակենտրոնական, բարձրադիր ու գրավիչ հատվածն իշխանությունների կողմից (խոսքը վերաբերվում է և խորհրդային և անկախացումից հետո) տարբեր ժամանակներում ասոցացվել պրոբլեմի հետ։ Բոլորս գիտենք, որ խնդիրները շատ են, բայց հավատացնում եմ ձեզ՝ ԼՈւԾԵԼԻ, բայց նախ եկեք հասկանանք դիագնոզը։ Հիմնվելով կատարածս համեստ ուսումնասիրության վրա, որպես ուրբանիզմով զբաղվող և այդ վարչական շրջանի ղեկավարի մեկ տարվա պրակտիկ փորձ ունեցող մարդ, կիսվեմ իմ տեսակետով։ Տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելով Կոնդի խնդիրը՝ կարող եմ այսօր ծանրանալ ընդամենը մեկ խնդրի վրա։ Ես դա կոչում եմ «Կոնդի մուտքի խնդիր»։ Այսինքն եթե քաղաքացիների մեծ մասին հարցնենք, թե որտեղից նա կարող է ինչ-ինչ նպատակներով մտնել Կոնդ, իննսուն տոկոսի մոտ վստահաբար կտեսնենք հարցական դեմքեր։ Հենց այս՝ պարզ ու հասարակ թվացող խնդրի պատճառով մենք ունենք այն, ինչ ունենք, իսկ ավելի շուտ (չեմ վախենա օգտագործել այդ բառը)՝
«Տարածքային Գետտո»։

Հիմա վերադառնամ այդ շինթույլտվության հարցին. եթե մի օր անցնեք և ուսումնասիրեք Սարյան-Լեո-Պարոնյան- Պռոշյան-Ֆրիկ փողոցները, կտեսնեք, որ ընդամենը այդ մի հատվածն է մնացել «կուսական», որտեղ պահպանվել են և՛ Երևանի, և՛ Կոնդի համար ինքնատիպ տներ և Կենտրոնի համար շատ եզակի լանդշաֆտ՝ իր օրիգինալ կանաչապատ տարածքներով և ամենակարևորը՝ Կոնդից դեպի Երևան և Կենտրոնից դեպի Կոնդ բացվող տեսարանով։
Նշեմ նաև, որ 90-ականների սկզբից այդ հատվածում արդեն կա վեց շենք՝ մեծ հաշվով անճաշակ և տեղանքին ոչ համահունչ։ Նշված նոր նախագիծը որակական առումով տարբերվում է մնացածից իր՝ ավելի ճաշակով ու ժամանակակից քաղաքաշինական լուծումներով, բայց միևնույնն է՝ այդտեղ կառուցապատումը կարծում եմ անթույլատրելի է։

Երկրորդ խնդիրը վերաբերվում է Սարյան-Բյուզանդ-Արամ փողոցի միջնամասում գտնվող՝ Կոնդի կամ Հրազդանի կիրճ տանող թունելների դիմաց կատարվող շինարարությանը, որն արդեն ունի շինթույլտվություն՝ կառուցել ՀԷՑ-ի նոր ենթակայան։ Հիմա որտեղ եմ ես տեսնում խնդիրը։ Բնականաբար դեմ չեմ կատարվող շինարարությանն ու ներդրումներին, նաև հասկանում եմ, թե որքան կարևոր է զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները, բայց խնդրում եմ, որ դա արվի գրագետ և Երևանի համար պակաս ցավոտ ելքով։ Նշված հատվածը ևս եզակի է այդ ամբողջ հատվածում՝ Սարյանից մինչև Թումանյան, որտեղ կարելի է կառուցել ստորգետնյա կայանատեղի՝ մոտավորապես երկու հարյուր և ավելի մեքենաների համար։

Եկեք միասին խնդրենք քաղաքային իշխանությանը՝ օրինակ երկարաժամկետ տրամադրել այդ ամբողջ տարածքը (անվճար հիմունքներով), իսկ ներդրողներին, որոնք համարվում են Երևանի, Ռուսաստանի և Լիբանանի լավագույն շինարարներից ու կառուցապատողներից և ենթադրում եմ, որ ունեն հարուստ փորձ, առաջարկենք իրենց նախագծերը հետագայում իրականացնել առաջին դեպքում՝ Կոնդի ավելի բարձրադիր մասում, երկրորդ դեպքում՝ գոնե 2-3 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղիի վրա։ Ընդամենը պետք է, որ քաղաքային իշխանությունները հետևողական լինեն և պահանջեն ստորգետնյա կայանատեղիի կառացումը, իսկ արդեն վերևում ինչ ուզում են թող կառուցեն՝ կլինի ենթակայան, ռեստորան թե այլ ժամանցի վայր...

Հարգելի՛ Քաղաքաշինության կոմիտե, Երևանի Քաղաքապետարան, Մշակույթի նախարարություն, ավագանու անդամներ, ուրբանիստներ, ճարտարապետ ընկերներ, սրտացավ քաղաքացիներ, Երևանի շատ խիտ բնակեցված հատվածում, որտեղ կան տասնյակ նորակառույց բարձրահարկ շենքեր, որտեղ գործում են բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ, բացվել է մարդկային մեծ հոսքով այգի, չկան գրագետ գծանշումներով և համապատասխան քանակով ավտոկայանատեղիներ։ Խնդրում եմ գիտակցել պահի լրջությունը և կենտրոնանալ վերոնշյալ խնդիրների լուծման վրա և Կոնդի ու նրա հարակից տարածքներում հայտարարել շինարարությունների մորատորիում (մինչև Կառավարությունը կհայտարարի Կոնդի զարգացման նախագծերի քննարկում), քանի որ դա բխում է բացառապես Երևանի շահերից։ Շնորհակալություն ուշադրության համար»։