ԱԺ-ն քննարկեց Հայաստանի համար ԵԱՏՄ մաքսային արտոնությունը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|
17:11 - 26 մայիսի, 2020

ԱԺ-ն քննարկեց Հայաստանի համար ԵԱՏՄ մաքսային արտոնությունը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am:  Խորհրդարանը քննարկեց կառվարության կողմից ներկայացված արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծ, որով Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն: «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Փոխնախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանը, 2015-ի անդամակցելով ԵԱՏՄ-ին, 930 ապրանքատեսակների՝ սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքատեսակների, ինչպես նաև մի շարք արդյունաբերական ապրանքատեսակների մասով ստացել է արտոնություն 5 տարի ժամկետով՝ նախկինում ունեցած մաքսատուրքերը կիրառելու համար: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտում էր 2020 թվականի հունվարի 1-ին: «Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում կայացվեց, որ ՀՀ-ի արտոնությունների կիրառումը ևս 1 տարով երկարացվեն՝ բացառություն սահմանելով վերգետնյա տրանսպորտային միջոցները, որոնք ընդգրկվում են 87 ապրանքային խմբում»,-ասաց Սիմոնյանը:

Այսպիսով, մոտ 647 ապրանքատեսակների՝ երրորդ երկրներից ներմուծուման մաքսատուրքերը կլինեն նույնն, ինչ կիրառվում էին 2019-ին: Այդ ապրանքատեսակների խմբում են ընգրկված  ընտանի թռչնի միսը, կարագը, խոշոր եղջերավոր անասունի սառեցված միսը, արևածաղկի ձեթը, մարգարինը և այլ յուղերը, մանկական պատրաստի կերերը, մշակված կաշվե հումքը, անտառանյութը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը:

Այս արձանագրության վավերացումը թույլ կտա ՀՀ տնտեսավարողներին, որոնք իրականացնում են ներմուծում երրորդ երկրներից, նախնական համեստ հաշվարկներով խնայել մոտ 30 մլն դոլար՝ մաքսատուրքի տարբերության հաշվին: Նրանք հնարավորություն կունենան դա ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը: Իրավահարաբերությունները կտարածվեն 2020 թվականի  հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել