Առաջարկում եմ՝ նախ սպասենք Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցման արձագանքին. Լիլիթ Մակունցը՝ ՍԴ-ի շուրջ առաջացած խնդիրների հանգուցալուծման մասին
16:23 - 26 մայիսի, 2020

Առաջարկում եմ՝ նախ սպասենք Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցման արձագանքին. Լիլիթ Մակունցը՝ ՍԴ-ի շուրջ առաջացած խնդիրների հանգուցալուծման մասին

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման առումով կլսենք շատ տարբեր տեսակետներ, այդ թվում իրարամերժ։ Նկատի չունեմ Դավիթ Հարությունյանին, բայց չեմ բացառում, որ մենք կլսենք տեսակետներ, որը հակասում է նույն մարդկանց նախկինում արած հայտարարություններին։  Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այն հարցին, թե ՍԴ ճգնաժամը ԱԺ տիրույթում լուծելու ի՞նչ ելքեր է տեսնում։ Լրագրողի դիտարկմանը, որ րդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ այն ԱԺ տիրույթից դուրս է, Լիլիթ Մակունցը պատասխանեց․

«Իրականությունը հետևյալն է, որ այսօր ՀՀ-ում և ամբողջ աշխարհում կան կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ և մեր ամենամեծ պատասխանատվությունը, որև է կերպ չվտանգել ՀՀ քաղաքացիների առողջությունը և կյանքը։ Ինչ վերաբերում է հանգուցալուծման ճանապարհներին և թե ինչ պետք է լինի հանգուցալուծումը, ես առաջարկում եմ նախ սպասենք նախևառաջ Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցման արձագանքին, այնուհետև մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը, թե ինչպես ենք առաջ շարժվելու։ Հարցման բովանդակության տեղյակ չեմ, արդարադատության նախարարությունն է ուղարկել այն»,- ասաց պատգամավորը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ տեսակետներ կան, որ դուք հաշվարկել էիք, որ հանրաքվեն կարող էիք ձախողել, դրա եք համար կրկին բերում ԱԺ տիրույթ, Մակունցը պատասխանեց, որ իր կարծիքով տեղին չեն նման հայտարարությունները։

«Մենք լայն քարոզարշավ անցկացնելու մտադրություն ունեինք, ունեինք նաև նախնական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ և ամենը բացառապես պայմանավորված է կորոնավիրուսով»,- հավելեց պատգամավորը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել