aysor.am: Որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն իմ համար մարդ է, որը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև, նախորդ տարվա սեպտեմբերին հրաժարական ներկայացնելիս ասել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Այսօր Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալիս, որտեղ վերջինս հրավիրվել էր հարցաքննության, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ նկատի ուներ։

«Եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ ցանկացած անձի մեղավորությունը և դատարանը նրան կճանաչի մեղավոր, ուրեմն այդ մարդը մեղավոր է», - պատասխանեց Արթուր Վանեցյանը։

Նա ասաց, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չի հրապարակելու։

Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ իր և Միքայել Մինասյանի ցանկությունները համընկան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու հարցում, Վանեցյանը պատասխանեց. 

«Եթե ուշադիր հետևել եք, վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես՝ դեռևս հունվար ամսին։ Եվ հիմա, երբ արդեն բոլոր են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել», - ասաց Արթուր Վանեցյանը։