Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել․ Ալինա Նիկողոսյան |azatutyun.am|
22:08 - 24 մայիսի, 2020

Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել․ Ալինա Նիկողոսյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել»,- վրացական լրատվամիջոցներին տված իր մեկնաբանության մեջ նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Թբիլիսիում,հիշեցնենք, «ոչ դիվանագիտական» էին որակել նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի քայլերի մասին: Չժխտելով, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ են իրականացվում, Թորոսյանը միաժամանակ ասել էր, թե Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն զիջում է Հայաստանին:

Ալինա Նիկողոսյանը, մասնավորաբար, նշել է. «Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերների հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանությամբ ենք կառուցել և շարունակելու ենք զարգացնել մեր ոլորտային փոխգործակցությունը»:

Ցավալով, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել, մամուլի քարտուղարը նկատել է, որ բոլոր երկրները ունեն իրենց ազգային մակարդակով ներդրված համակարգեր և համավարակին դիմագրավելու ազգային մարտավարություններ, որոնց գերնպատակն է հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունները` առավելագույնս արդյունավետորեն հասցեագրել առկա բոլոր խնդիրները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել