civilnet.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ օրերս արած հայտարարություններն արժանացել են վրացական կողմի քննադատությանը։ Հանրային խորհրդի առցանց քննարկմանը Արսեն Թորոսյանը, մասնավորապես, ասել է, որ Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն զիջում է Հայաստանին։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ Վրաստանով Հայաստան ժամանած վրացի վարորդներ վարակված են լինում կորոնավիրուսով։ Նա նկատել է՝ Հայաստանի և Վրաստանի միջև կա մեթոդաբանության տարբերություն, միևնույն ժամանակ, ընդունել, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ ու խսիտ են իրականացվում։
ՀՀ առողջապահության նախարարին հակադարձել են Վրաստանի ամենատարբեր շրջանակներից, հայտարարությամբ է հանդես եկել նաև արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
«Հայկական կողմը ափսոսանք է հայտնել առ այն, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ոչ ճիշտ մեկնաբանված հայտարարությունը անհանգստացրել է վրաց գործընկերներին»,- հայտարարել է Զալկալիանին։
ԱԳ նախարարի խոսքով՝ վրացական կողմը «դիվանագիտական խողովակներով պարզաբանումներ է պահանջել Հայաստանի համապատասխան պետական գերատեսչություններից»։
«Իհարկե, մեղմ ասած, դա շատ անտեղին էր հարևան և բարեկամ երկրի հանդեպ, այդ թվում՝ պաշտոնատար այնպիսի անձանց կողմից, ինչիպիսին է առողջապահության նախարարը»,- ասել է Զալկալիանին։ Նա հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը իր դիրքորոշումը հայտնել է Երևանում Վրաստանի դեսպանության միջոցով։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն Թորոսյանի հայտարարությունները որակել է «ոչ դիվանագիտական»։
Վրաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն ներողություն է ակնկալում և հրավիրել է Արսեն Թորոսյանին «ծանոթանալու վրաստանյան փորձին»։
comment.count (0)