Չեխիայի խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև
18:48 - 22 մայիսի, 2020

Չեխիայի խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև․ այս մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։

Բանաձևի հեղինակ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը դեռևս 2019-ի մայիսի 6-ին Հայաստան կատարած այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընդունելության ժամանակ էր շեշտել, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումն իրենց օրակարգում է:

«Ես վստահ եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն է»,-իր խոսքում նշել էր Միլան Շտյեխը` հավաստիացնելով, որ ջանքեր է գործադրելու` այդ փաստը Չեխիայի Սենատի կողմից ևս ընդունելու ուղղությամբ:

2019թ. հոկտեմբերին էլ Չեխիա կատարած այցի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը ևս Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման հարցն էր բարձրացրել և հիմնական քննարկումը ծավալվել էր Հայոց ցեղասպանության փաստը Սենատի կողմից ընդունելու հարցի շուրջ և Սենատի փոխխոսնակները հայտնել էին, որ նախաձեռնելու են առաջիկա տարվա ընթացքում Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել