Ռեանիմացիոն մահճակալների ռեզերվն այնքան էլ մեծ չէ |armtimes.com|
15:28 - 21 մայիսի, 2020

Ռեանիմացիոն մահճակալների ռեզերվն այնքան էլ մեծ չէ |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսը որպես արագ տարածվող հիվանդություն ասիմպտոմ կամ թեթեւ ընթացք է ունենում վարակակիրների մոտ 70 տոկոսի մոտ, սակայն առողջապահական համակարգերն առավել մտահոգվում են դրա տարածման արագությամբ, քանի որ երկար եւ դժվար է լինում ծանր դեպքերի բուժման ընթացքը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիսում հաղորդեց, որ ծանր հիվանդների համար առկա ռեզերվն այնքան էլ մեծ չէ:

«Միայն կորոնավիրուսային հիվանդության համար Հայաստանում առկա է 203 ռեանիմացիոն մահճակալ, որոնցից մի քանիսը շատ սպեցիֆիկ են՝ հղիների համար, երեխաների համար. այս պահին դրանցից զբաղված է 131-ը, ազատ՝ 72-ը, եւ դա նշանակում է, որ ռեզերվներն այնքան էլ մեծ չեն՝ հաշվի առնելով մի հանգամանք եւս: Ի տարբերություն սովորական մահճակալների՝ ռեանիմիացիոն մահճակալները շատ երկար են զբաղեցվում: Միջին տեւողությունը մոտ քսան օր է այն քաղաքացիների համար, որ դրական տեղաշարժով դուրս են գրվում:

Իհարկե, ավելի կարճ է լինում այն քաղաքացիների համար, որ, դժբախտաբար, մահանում են: Սա ասում եմ՝ հասկանանք, որ կարող է գալ մի օր, երբ այնտեղ տեղ չլինի, եւ մենք ստիպված լինենք Հայաստանի Հանրապետության ամբողջ առողջապահական համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ, ինչը խիստ անցանկալի է նաեւ ներհիվանդանոցային վարակի տարածման տեսանկյունից, արդեն իսկ ծանր հիվանդություններ ունեցող քաղաքացիներին ռիսկի տակ դնելու տեսանկյունից»,- նշեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել