tert.am: Սա շրջադարձային, աննախադեպ նախագիծ է մեր պատմության մեջ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին նախագծին:

«Ճգնաժամի մեկնարկին մենք հայտարարեցինք, որ պատրաստվում ենք 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել և 80 մլիարդ դրամի՝ տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր»,-ասաց

Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ներկայացրեց այդ ֆինանսական աջակցության պայմանները: «Մենք աջակցում ենք, բայց աջակցում ենք պայմանով, որ այդպիսի ֆինանսական աջակցությունը մեր կողմից կառաջացնի նաև մասնավոր հատվածի՝ մի քանի անգամ գերազանանցող ներդրումներ անելով: Առաջին․այս աջակցության ծրագիրը կառավարության կողմից հաստատված է 50 միլիարդ դրամ կազմելու հեռանկարի մտադրությամբ, և սա առաջին հինգ միլիարդի հատկացման վերաբերյալ որոշումն է»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ որքան կառավարությունն է ներդրում անում, նույն չափով ներդրողը պետք է անի, դրան զուգահեռ պայմանն այն է, որ որքան ակռավարությունը մասնավոր ներդրողի հետ ներդրում կիրականացնի, այդքան էլ վարկային ռեսուրսներ կներգրավվեն: 

Այսպիսով՝ ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է պետության մասնակցությունը «ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում մինչև 50  միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։