hetq.am: Կառավարությունն այսօր՝ մայիսի 21-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի հաստատված բյուջեով «Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրի «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման հատկացումներից մոտ 422 մլն դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել Հայաստանում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար, մասնավորապես`

Արարատի մարզում`

Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում, Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում,

Լոռու մարզում`

Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում,

Շիրակի մարզում`

Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում, Երերույքի տաճարի և փոքր դամաբարանի թաղերի ամրակայում, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնում և փոքրիկ թանգարանի ստեղծում, Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում,

Կոտայքի մարզում`

Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում, Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում, Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում,

Արագածոտնի մարզում`

Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և Պարսպապատի ամրակայում,

Վայոց Ձորի մարզում`

Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում։ Բացի վերը թվարկվածից՝ նախագծով գումար է հատկացվում նաև Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրման համար։

«Երևանի ավագանու այն որոշումից հետո, երբ հաստատվեց, որ  քանդակը պետք է  տեղադրվի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, մենք ձեռնամուխ եղանք դրա տեղադրմանը»,-նշեց Արայիկ Հարությունյանը։

Որոշման ընդունման անհրաժեշտությունն ելնում է նաև այն հանգամանքից, որ ի հիշատակ աշխարհահռչակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Երևանի ավագանու նիստի որոշմամբ, մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը՝ արվեստագետի մահվան տարելիցը, պետք է տեղադրվի «Քայլող մարդը» քանդակը:

Ընդունված նածագծով կիրականացվեն 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննում, 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) աշխատանքներ, ինչպես նաև 2 քանդակի պատրաստման/վերականգնման և տեղադրման աշխատանքներ։