Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ազգային մակարդակներում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց Տաջիկստանի իշխանություններին՝ համավարակով պայմանավորված իրադրությունում հայ համայնքին տեղում ցուցաբերած աջակցության համար և ընդգծեց վերջիններիս կամրջող դերակատարությունը երկու երկրների միջև երկխոսության ամրապնդման հարցում:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Տաջիկստանի՝ ավանդական բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության առնչությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման և խորհրդարանական հարթակում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։ 

Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ ԱԳ նախարարներն առանձնացրեցին առևտրատնտեսական, էներգետիկայի, բժշկության, գիտության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտները: 

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարները հանգամանալից անդրադարձան համագործակցությանը տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում՝ այդ թվում ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ: