Քննարկվել է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը
16:06 - 20 մայիսի, 2020

Քննարկվել է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը

Մայիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրան կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի` նախաձեռնությամբ մասնավորապես առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգ, նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացում, սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ, նախատեսել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների` որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները, ամրագրել բժշկական օգնության եւ սպասարկման պայմանները, ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը:

Փոխնախարարի խոսքով` նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ` դրանց պաշտպանության համար, ապահովել անձանց հոգեկան առողջության ոլորտում առաջացող հարաբերությունների համալիր կարգավորումը:

Կարեւորելով նախաձեռնությունը` պատգամավորներն ընդգծել են, որ այն մեկ քայլ առաջ է մարդու իրավունքների պաշտպանության եւ իրացման տեսանկյունից:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ կառավարության հեղինակած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերն ու ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Լրամշակելու նպատակով հետաձգվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Կորյուն Մկրտչյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Կարեն Սարուխանյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:

Պատգամավորները քննարկել եւ հավանություն են տվել խորհրդարանական վերահսկողություն սահմանելու վերաբերյալ հանձնաժողովի որոշման նախագծին, ըստ որի, հանձնաժողովը վերահսկողություն կիրականացնի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ, 47-րդ եւ 98-րդ հոդվածների (հանձնաժողովի գործունեության ոլորտների մասով) կատարման ընթացքի նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել