Կառավարությունը ցանկանում է մասնավորեցվող առողջապահական ընկերությունների պրոֆիլի պահպանման պահանջն իրեն վերապահել |hetq.am|
13:29 - 20 մայիսի, 2020

Կառավարությունը ցանկանում է մասնավորեցվող առողջապահական ընկերությունների պրոֆիլի պահպանման պահանջն իրեն վերապահել |hetq.am|

hetq.am: Կառավարությունն առաջարկում է պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում փոփոխություն կատարել` ընձեռելով հնարավորություն մասնավորեցվող առողջապահական կազմակերպությունների պրոֆիլի պահպանումը յուրաքանչյուր դեպքով վերապահել Կառավարությանը: Նախագիծը քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:

Այն ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նրա խոսքով` անցնող տարվա ընթացքում միայն երեք առողջապահական կազմակերպություն է մասնավորեցման ցանկից հանվել, որից երկուսը` Կառավարության, երրորդը` ԱԺ-ի նախաձեռնությամբ:

«Մյուսների դեպքում ունենք ոչ էդքան նպատակահարմարություն պրոֆիլը պահպանելու, ոչ բարձր աստիճանի հետաքրքրվածություն գնորդների կողմից»,- ասաց Նարեկ Բաբայանը:

Նրա խոսքով` մասնավորեցված ընկերություններից «Դիլիջան մանկան հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցվել է պրոֆիլը պահպանելու պայմանով, սակայն պարտավորությունը չի կատարվել, և այժմ դատական պրոցես է սկսվել:

Մասնավորեցվող ընկերությունների ցանկում ընդգրկված Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի առնչությամբ Բաբայանն ասաց, որ կենտրոնը երբ հիմնադրվել է, յուրահատուկ ծառայություն է մատուցել, այժմ պրոֆիլը պահպանելու կարիք չկա, քանի որ գրեթե բոլոր ԲԿ-ներում այդ ծառայությունը մատուցվում է ավելի որակյալ: Կենտրոնը, ըստ Նարեկ Բաբայանի, այժմ կորցրել է գրավչությունը, և գնորդները հետաքրքրություն չեն ցուցաբերում: Բաբայանի խոսքով` մասնավորեցվող ընկերությունը եթե պրոֆիլը պահպանելու պահանջ չունենա, ապա այն մասնավորեցումից հետո կարող է դառնալ բիզնես կենտրոն կամ հյուրանոց, և ավելի եկամտաբեր լինել:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե կան արդյոք կոնկրետ պլաններ մասնավորեցվող ընկերությունների ճակատագրերի վերաբերյալ և կան պոտենցիալ գնորդներ, որոնք հետաքրքրություն են հայտնել: Բաբայանն արձագանքեց` հիմնական խնդիրը նևրոզների և օրթոպեդիայի կլինիկաների հետ է կապված, քանի որ գնորդների համար պրոֆիլը պահպանելու պայմանով հետաքրքրություն չեն ներկայացնում:

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան համաձայնեց` ցանկում կան բժշկական կենտրոններ, որոնց պրոֆիլը կարելի է և չպահպանել, բայց կաև նաև այնպիսիք, որոնց պրոֆիլի պահպանումը կարևոր է:

«Օրինակ՝ Օրթոպեդիայի կենտրոը, համաձայն եմ, որ պահպանելու կարիք չկա, քանի որ մնացած բոլոր ԲԿ-ներում այդ ծառայություններն ավելի որակով են մատուցվում, բայց այս համավարկային պայմաներում այն ծառայում է Covid-ի համար և պարզ է, որ մինչև տարվա վերջ չի կարող մասնավորեցվել: Ինչ վերաբերում է Կուրորտաբանության ինստիտուտին, այն բացառիկ ծառայություն է մատուցում` հանքային ջրերի նյութաբանական ծառայություն է իրականացնում, և եթե մասնավորեցվի առանց պրոֆիլը պահպանելու՝ պիտի հասկանալ այս ծառայությունն ինչպես է մատուցվելու: Այն կարող է նաև վերականգնողական կենտրոն դառնալ»,- ասաց Զեյնալյանը:

Վերջինս նաև հիշեցրեց, որ Նևրոզների կլինիկայի ուղղվող գումարները կրճատվել է, և հոգեկան առողջության խնդիր ունեցող քաղաքացիները փաստի առջև են հայտնվել, նրանց ուղղորդում են հոգեբուժական կլինիկաներ, սակայն նրանց խնդիրն այլ է: Զեյնալյանն առաջարկեց, որ յուրաքանչյուր մասնավորեցվող ԲԿ-ի հարցը խորհրդարանը քննարկի` հասկանալու պրոֆիլի պահպանման կարևորությունը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկեց նախագիծը լրամշակել և այդ տեսքով ներկայացնել հանձնաժողովին:

«Եթե կմշակեիք ընդհանուր սկզբունքներ ու քննարկեիք մեզ հետ, չեմ կարծում, թե այդ պրոցեսը կտուժեր: Դուք հիմա ասում եք` քաշվեք մի կողմ, կառավարությունը կորոշի ամեն հիմնարկի հետ ինչ անել: Ես գտնում եմ, որ այդ մոտեցումը ճիշտ չէ: Եթե ուզում էիք ավելի ճկուն լինել, մեկ այլ մեխանիզմ առաջարկեիք, ընդհանուր սկզբունքների հիման վրա որոշեինք, որ ինչ-ինչ կլինիկաների մասով նման արտնություն տայինք կառավարությանը»,-ասաց Թունյանը:

Թունյանը նաև ասաց, որ տեսել է Նարեկ Բաբայանի հարցազրույցը, որտեղ վերջինս խոսում է Հայփոստի` Սարյան փողոցում գտնվող գլխամասային շենքի մասնավորեցման հնարավորության մասին` առանց այդ հարցը քննարկելու խորհրդարանի հետ:

«Խորհրդարանի ֆիլտրը անհրաժեշտ է պահպանել, սա է իմ դիրքորոշումը: Եթե հարմար եք գտնում, կարող ենք ինչ-որ ժամանակով հետաձգել հարցի քննարկումը: Կներեք, Ձեր առաջակն ինձ համար ընդունելի չէ»,-ասաց նա:

Նարեկ Բաբայանն արձագանքեց, որ պատրաստ է աշխատել հանձնաժողովի հետ, ուստի նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել