ԵՄ-ն մտահոգություն է հայտնել քրդամետ քաղաքապետների նկատմամբ Թուրքիայի կառավարության կոշտ միջոցների կապակցությամբ
20:22 - 19 մայիսի, 2020

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել քրդամետ քաղաքապետների նկատմամբ Թուրքիայի կառավարության կոշտ միջոցների կապակցությամբ

Եվրամիությունը խորը մտահոգություն է հայտնել երկրի հարավ-արեւելքում քրդամետ ընդդիմադիր քաղաքապետների կողմից ղեկավարվող քաղաքապետարանների դեմ Թուրքիայի կառավարության ձեռնարկած կոշտ միջոցների կապակցությամբ:

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Փիթեր Ստանոն նշել է, որ վերջերս «Ժողովուրդների Ժողովրդավարություն» կուսակցությունից եւս հինգ քաղաքապետի հեռացումը քաղաքական դրդապատճառներով էր պայմանավորված:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը սկսել է հեռացնել ԺԺԿ-ից քաղաքական գործիչներին տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքապետերի պաշտոններից այն բանից հետո, երբ նրանք ընտրվել էին 2019-ի մարտին: ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության կողմից նշանակված գործիչները փոխարինել են 65 քուրդ քաղաքապետերից 45-ից ավելիին:

Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ ԺԺԿ-ի քաղաքապետերը, իբր, կապված են Քրդական աշխատավորական կուսակցության հետ:
ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի կառավարությունն իրավունք ունի պայքարել ահաբեկչության դեմ, բայց այն նաեւ պետք է համոզված լինի, որ դա արվում է Թուրքիայի Սահմանադրության եւ միջազգային պարտավորությունների մեջ ամրագրված օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների համաձայն:

ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել «վերացնել տեղական ժողովրդավարության գործունեությանը խոչընդոտող միջոցները՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների եւ Թուրքիայի՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի նկատմամբ պարտավորությունների համաձայն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել