ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ հոսանքի անջատումներն այս տարվա ապրիլին ավելի քիչ են, քան 2019 թվականի ապրիլին են եղել․ Փաշինյանի հայտնած մոտավոր տվյալների համաձայն՝ 2019-ի ապրիլին եղել է մոտ 5000 անջատում, այս տարվա ապրիլին՝ մոտ 2600։ Վարչապետը նշեց, որ անջատումները նախորդ տարվա համեմատ քիչ են եղել նաեւ գազի մատակարարման մասով, սակայն կոնկրետ թիվ չնշեց։

Infocom-ը փորձեց պարզել՝ վարչապետն ինչ տվյալների համաձայն է կատարում վերոնշյալ պնդումները։

Հարկ է նշել, սակայն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունները սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ չկատարելու պատճառով ծառայությունների դադարեցման (ընդհատումների) առանձնացված հաշվառում չեն իրականացնում, եւ նախորդ ժամանակահատվածին վերաբերող տվյալները կարող են պարունակել որոշակի պայմանականություններ (գնահատականներ): 

Սակայն, ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ստացված պատասխանի՝ առանձին ամիսների վիճակագրություն վարվում է։ Մեզ տրամադրվել են 2019 եւ 2020 թվականներին մատակարարված գազի արժեքի համար վճարում չկատարելու պատճառով անջատումների քանակները, որոնք ներկայացնում ենք ստորեւ․

Column Chart
Infogram

Համեմատելով 2019 եւ 2020 թվականների ապրիլ ամիսները, տեսնում ենք, որ այս տարի 594-ով ավել են եղել գազի անջատումները․ 2019 թվականի ապրիլին դրանք եղել են 1710, իսկ 2020 ապրիլին՝ 2304։ Այնուամենայնիվ, եթե համեմատենք նաև մարտ-ապրիլ ամիսների անջատումների գումարային՝ ընդհանուր քանակները, ապա կտեսնենք, որ անցյալ տարի այդ ամիսներին  բնական գազի ավելի շատ անջատումներ են գրանցվել։ 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից էլ մեզ հայտնեցին, որ իրենք բնակիչ-բաժանորդների՝ էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով էլեկտրամատակարարման դադարեցման մասով հաշվառում չեն վարում, հետեւաբար նաեւ վիճակագրություն ներկայացնել չեն կարող:

Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, բնական գազի եւ խմելու ջրի ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը, որպես մատակարար-սպառող հարաբերություններում սպասարկման որակի ցուցանիշներ, մշտապես վերահսկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: 

Հանձնաժողովից մեզ տեղեկացրին, որ էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի ընդհատումների վերաբերյալ համապատասխանաբար՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերություններից իրենք եռամսյակային արդյունքներով ստանում են համապատասխան տեղեկատվությունը:

Այսինքն՝ ոչ ՀԷՑ-ը, ոչ էլ ՀԾԿՀ-ն մեկ ամսվա կտրվածքով վիճակագրություն չեն վարում։ Ավելին՝ ընկերությունից ստացած պատասխանի համաձայն՝ տվյալները փոխվում են անընդհատ, եւ կոնկրետ օրվա կամ ամսվա համար հստակ տվյալ հայտնելը չափազանց դժվար է։ ՀԷՑ-ից տեղեկացանք, որ իրենք ապրիլ ամսվա անջատումների վերաբերյալ տվյալները ներկայացրել են ՀԾԿՀ-ին, որտեղից էլ դրանք փոխանցել են պարետատանը։

Իսկ ՀԾԿՀ-ից մեզ տրված պատասխանում նշել են, որ սպասարկման որակի ցուցանիշների շրջանակում հանձնաժողովի կողմից վերահսկվում են սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի ընդհատումների այնպիսի դեպքերը, ինչպիսիք պայմանավորված են մատակարարման ցանցի պլանային, վթարային նորոգման աշխատանքներով, ֆորս-մաժորի հետեւանքներով եւ այլն, իսկ մատուցված ծառայությունների դիմաց չվճարման պատճառով ընդհատումները չեն հանդիսանում մատակարար-սպառող հարաբերություններում սպասարկման որակի ցուցանիշներ եւ չեն արտացոլվում ընկերությունների կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվություններում: 

Ինչպես ասված է մեր հարցման պատասխանի մեջ՝ հանձնաժողովը՝ ի թիվս օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընկերություններից ստացվող հաշվետվությունների, կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու՝ կառավարության նախաձեռնած աջակցության ծրագրերն առավել թիրախային խմբերին ուղղելու նպատակով մատակարար կազմակերպություններից աշխատանքային կարգով ստացել եւ ՀՀ կառավարություն տվյալներ է ներկայացրել սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց գումարների ընդհանուր հավաքագրումների, էլեկտրական էներգիայի եւ բնական գազի սպառման ծավալներով պայմանավորված՝ առանձին սպառողական խմբերի բաժանորդների քանակի, ապրանքային արտադրանքի, նշված սպառողական խմբերում պարտք ունեցող բաժանորդների քանակի, վերջիններիս սպառման արդյունքում ձեւավորված ապրանքային արտադրանքի, պարտքի մնացորդների, ինչպես նաեւ վճարումներ չկատարելու պատճառով բաժանորդներին մատուցվող ծառայությունների դադարեցման (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածին վերաբերող) դեպքերի վերաբերյալ: 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ վարչապետի աշխատակազմից և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ստացված հարցումներին ի պատասխան՝ նշված տեղեկատվությունը պարբերաբար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից պահանջել և վերջիններիս ներկայացրել է աշխատանքային կարգով:

Ի հակառակ երկու կառույցների՝ վերը նշված պարզաբանումների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր զրույցում հայտնեց, որ վարչապետին տրամադրվել են օպերատիվ տվյալներ։ Օպերատիվ ասվածը, Խաչատրյանի խոսքով, նշանակում է, որ հնարավոր է կարճ ժամանակի համար էլ տվյալներ տրամադրել։

Նշենք, որ ՀԾԿՀ-ից մեր երկրորդ հարցմանն ի պատասխան դարձյալ չհայտնեցին, թե կոնկրետ ինչ թվեր են ներկայացրել կառավարությանը։ Մեզ տրամադրել են միայն եռամսյակային տվյալներ, որոնք հրապարակված են ՀԾԿՀ պաշտոնական կայքում։

Ստացվում է, որ իրավասու մարմինները կառավարությանը ներկայացրել են պարբերական տվյալներ, որոնք, ինչպես ասված է մեր հարցման պատասխանի մեջ, անընդհատ փոխվում են՝ նույնիսկ ժամվա ընթացքում, սակայն վարչապետը ընդհանրացված տվյալ է ներկայացրել, որը չի արտացոլում ոուսումնասիրվող ժամանակահատվածում անջատումների բացարձակ քանակը։

Հայարփի Բաղդասարյան