ՌԴ-ում Նժդեհին պետք է վերարժևորեն, Ադրբեջանում մեծարում են ֆաշիստների հետ համագործակցողին. Փաշինյան

 |armenpress.am|
18:13 - 16 մայիսի, 2020

ՌԴ-ում Նժդեհին պետք է վերարժևորեն, Ադրբեջանում մեծարում են ֆաշիստների հետ համագործակցողին. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական քաղաքականությունը հետևյալն է` նրանք ուզում են նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին։ Մայիսի 16-ին առցանց ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայ զորավար Գարեգին Նժդեհի հերոսացման շահարկումները և Հայաստանի կողմից ֆաշիզմին տուրք տալու մեջ մեղադրանքները, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ դեռևս Աշխաբադում ԱՊՀ երկրների նիստի ժամանակ այդ հարցի վերաբերյալ իր գնահատականը տվել է։

«Դրանից հետո, իմիջիայլոց, ռուսական մամուլում շատ լավ հոդված կարդացի Գարեգին Նժդեհի մասին, որտեղ ասվում էր, որ Նժդեհը ռուսական բանակի սպա է եղել և մասնակցել է Բալկանյան պատերազմին ռուսական բանակի կազմում և պարգևատրվել է։ Այս առումով կարծում եմ` Ռուսաստանում ևս Գարեգին Նժդեհին` որպես պատմական ֆիգուր, դարասկզբին որպես ռուսական բանակի սպա, պետք է վերարժևորեն»,- ընդգծեց Փաշինյանը։ 

Նա ներկայացրեց փաստական տվյալներ Ադրբեջանի կողմից նացիստների հետ համագործակցության վերաբերյալ.

«Երկրորդ աշխարհամարտի տարիներին մոտավորապես 75 հազար ադրբեջանցի ներգրավված է եղել նացիստական խմբավորումներում, ընդ որում` գոյություն է ունեցել ադրբեջանական լեգեոն, որն ունեցել է բոլոր անհրաժեշտ ատրիբուտները` սկսած հագուստից»։

Փաշինյանը ցույց տվեց այդ հագուստներից մեկի լուսանկարը՝ նացիստական տարբերանշաններով, ինչպես նաև տարբեր տեսակի ատրիբուտները։

ՀՀ վարչապետը նշեց, որ աշխարհամարտի տարիներին Գերմանիայում լույս է տեսել «Ադրբեջան» լեգեոներական պաշտոնաթերթը և ցույց տվեց դրա համարներից մեկի առաջին էջը։

Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի առաջին հանրապետության ղեկավարներից մեկը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն, սերտորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի և նացիստական կուսակցության հետ։

«2014 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանում մեծ շուքով նշվել է Մամեդ Էմին Ռասուլզադեի 130-ամյակը։ Ավելին, երկու անգամ հոբելյանական դրոշմանիշ է թողարկվել։ Ռասուլզադեի արձանները և կիսանդրին են կանգնեցված Ադրբեջանի մի շարք քաղաքներում»,- եզրափակեց Փաշինյանը։

Ավելի մանրամասն կարդացեք Armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել