Հայաստանում բարեփոխումները պետք է ընթանան հանդարտ տեմպով, որպեսզի դառնան խորքային, եւ այդ բարեփոխումների կրողը լինի նաեւ հանրությունը
14:14 - 16 մայիսի, 2020

Հայաստանում բարեփոխումները պետք է ընթանան հանդարտ տեմպով, որպեսզի դառնան խորքային, եւ այդ բարեփոխումների կրողը լինի նաեւ հանրությունը

Կառավարությունը պատրաստվում է քայլեր անել եւ անում է՝ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար, եւ մենք շարունակաբալ գնալու ենք այդ քայլերով։ 8-րդ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն քննադատությունների մասին, որ դատաիրավական համակարգում բարեփոխումներն ուշանում են։

«Շատ է խոսվում բարեփոխումների տեմպի եւ արագության մասին, բայց այդ հարցն իմ օրակարգում միշտ կա։ Արդյոք արագ բարեփոխումը լա՞վ բարեփոխում է։ Երրորդ հանրապետության պատմության մեջ ես ականատես եմ եղել մի քանի բարեփոխումների փայլում ծրագրերի, որոնք ուղղակի վիժեցվել են էդ բարեփոխումների հեղինակների՝ դրանք շատ արագ իրականացնելու հասկանալի մղման պատճառով։ Մենք նույնիսկ ունեցել ենք շատ արագ իրականացված եւ հաջող բարեփոխումների օրինակներ, որոնք քաղաքական իրավիճակի բերումով զրոյացվել եւ մոռացության են մատնվել, այսինքն՝ ինստիտուցիոնալ չեն եղել։ Ես համարում եմ, որ Հայաստանում բարեփոխումները պետք է ընթանան հանդարտ տեմպով, որպեսզի դառնան խորքային, էդ բարեփոխումների կրողը միայն կառավարությունը չլինի, այլեւ հանրությունը»։

Իր միտքն ավելի մատչելի բացատրելու համար Փաշինյանն օրինակ բերեց խորոված պատրաստելու մեխանիզմը․

«Երբ հյուր է գալիս, եւ խնդիր կա խորոված անելու, պետք է հնարավորինս արագ էդ խորովածը հասցվի, թեժ կրակ է արվում, բայց եթե էդ խորովածն արագ է արվում, ավելի արագ քան, անհրաժեշտ է, երեսը վառվում է, մեջը հում է մնում, արդյունքում հյուրերը մնում են սոված։ Մեր էդ բարի մղումը՝ արագ անենք խորովածը, տանենք հյուրերի առաջ, չի ստիպում, որ հյուրերը խորովածից գոհ լինեն, հակառակը՝ սոված են գնում։ Նույնն էլ բարեփոխումներն են։ Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք տասնյակ բարեփոխումներ ունենք, որ երեսը վառված է, մեջը՝ հում»։

Վարչապետը խոսեց նաեւ գործող դատավորներին նորերով փոխարինելու մասին․ «Ես ինձ հարց եմ տալիս․ բոլոր դատավորներին հանում ենք, ո՞ւմ ենք բերում, ովքե՞ր են էդ դատավորների հրեղեն թեկնածուները, որ գալու են փոխեն։ Այնպես չէ, որ ես Հայաստանը ու Հայաստանի մարդկանց վատ եմ ճանաչում, բայց ես ցնցված եմ էն փաստից, թե մեր իրականության մեջ մաֆիոզ մտածողույթունն ինչքան խորն է, որ սպիտակ բաժակի՝ սեւ կամ սպիտակ լինելու հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը կարող է մեծապես կախված լինել նրանից, թե դրա սեւ կամ սպիտակ լինելը մեր ընկերոջը, կլանին, խմբավորմանն ինչքանով է ձեռնտու։

Այսօր ասում են՝ բա ինչու մինչեւ հիմա ազնիվ եւ պրոֆեսոինալ կադրերը հազարներով չեն համալրեր պետական կառավարման համակարգը։ Մի հատ կարա՞ք էդ ազնիվ եւ պրոֆեսինալ կադրերի ցուցակը տաք։ Այսօր կան ազնիվներ, աշխատում են պետական կառավարման համակարգում, բայց կան կադրեր, որ զրո պրոֆեսիոնալությամբ բյուրեղյա ազնվություն ունեն, որովհետեւ ազնիվ լինելը դեռ չի նշանակում գնման լավ տեխնիկական առաջադրանք գնել, լավ ջրանցք նախագծել, եւ կան պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ազնիվ չէ»։

Փաշինյանը վստահեցրեց՝ իր եւ իր քաղաքական թիմի ուզածն այն է, որ մեր երկրում խորքային փոփոխություններ տեղի ունենան․ «Մեր նպատակն այն չէ, որ դատավոր, ասենք, Հաբեթ Հայկյանին փոխարինեն Հայկ Հաբեթյանով․ մեր գլխավոր պլանը պետք է լինի, որ մենք կարողանանք այնպիսի պայմաններ ստեղծել, որ այդ դատավորի մեջ տեղի ունենան այնպիսի բովանդակային փոփոխություններ, որ նա տրանսֆորմացվի, դառնա Հայկ Հաբեթյանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել