Շահութաբեր և արտահանմանը միտված գյուղատնտեսություն. խորհրդակցություն՝ վարչապետի գլխավորությամբ
19:59 - 15 մայիսի, 2020

Շահութաբեր և արտահանմանը միտված գյուղատնտեսություն. խորհրդակցություն՝ վարչապետի գլխավորությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ռազմավարական զարգացմանը վերաբերող հարցեր:

Այդ համատեքստում Կենտրոնական բանկի մասնագետների կողմից ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ֆոնդի հիմնման նախագիծը և դրա կիրառման հնարավորությունները, նպատակները, ոլորտում զարգացման մեխանիզմների ներդրման քայլերը: Նշվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Նախագծով առաջարկվում են ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի պարկի հիմնադրում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացված նախագծի շուրջ տեղի է ունեցել մանրամասն քննարկում, հնչեցվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

ԿԲ պատասխանատուներն անդրադարձել են նաև գյուղոլորտի վարկերի տրամադրման գործընթացին: Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա մարտ ամսվա դրությամբ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տրամադրված վարկերի ծավալն աճել է 20,3 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլին 2020-ի տարեսկզբի համեմատ՝ 4,6 տոկոսով:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել վերը նշված ֆոնդի ձևավորման ճանապարհային քարտեզ, որտեղ առավել մանրամասն նկարագրված կլինեն դրա նպատակները, գործունեության արդյունքում հնարավոր ակնկալիքները: «Կառավարության նպատակն է՝ գյուղատնտեսությունը դարձնել շահութաբեր, արտահանմանը միտված, բարձր տեխնոլոգիական և արտադրողական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նաև առաջիկայում ոլորտում հաջողություններ արձանագրած ֆերմերների հետ քննարկումների կազմակերպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել