«Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիան պետք է սկսեր 2018 թվականից․ Օլեգ Դուլգարյան
16:36 - 18 մայիսի, 2020

«Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիան պետք է սկսեր 2018 թվականից․ Օլեգ Դուլգարյան

Մեծ Այրում գյուղի բնակիչները կրկին ստիպված են եղել փակել դեպի « Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը` թույլ չտալով Ախթալայի ԼՀԿ-ի բեռնատարների շարժը։

Ախթալայի ԼՀԿ-ն ցանկանում է բարձրացնել պոչամբարի պատվարը, ինչին դեմ են գյուղի բնակիչները, քանզի պատվարի բարձրացումը կատարվում է առանց հաստատված նախագծի, այնինչ նախագծով պոչամբարը պետք է արդեն վաղուց ռեկուլտիվացված լիներ:

Գյուղացիները դեմ են պատվարի անօրինական բարձրացմանը և հետագա շահագործմանը։ Պահանջում են օր առաջ ռեկուլտիվացնել պոչամբարը։ Այս մասին մայիսի 13-ին ֆեյսբուքյան իր էջում  գրել էր իրավապաշտպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։  Մեծ Այրումում տեղի ունեցող դեպքերի մասին Infocom.am-ը զրուցես Օլեգ Դուլգարյանի հետ։

-Պարոն Դուլգարյան, կխնդրեի համապարփակ ներկայացնել, թե ի՞նչ է կատարվում Մեծ Այրումում։

-Ամենասկզբից նշեմ, որ 15 տարուց ավել է Մեծ Այրումում գործում է «Նահատակ» պոչամբարը, որտեղ կուտակվում են Աղթալայի լեռնահարստացման կոմբինատի թափոնները, և արդեն տասնամյակից ավել է համայնքի բնակիչները բողոքում են տվյալ պոչամբարի ազդեցությունից՝ առողջապահական, գյուղատնտեսական և այլն։ Ինչպես նաև 2015 թվականին փորձում էին գյուղում երկրորդ պոչամբարը կառուցել, սակայն գյուղում կար «Sos Մեծ Այրում» շարժումը, որի անդամները՝ գյուղացիները, կասեցրին այդ գործընթացը։

Հիմա  «Նահատակի » պոչամբարը պետք է արդեն ռեկուլտիվացված լիներ։ Ռեկուլտիվացիան պետք է սկսեր 2018 թվականից և 2020 թվականին պետք է ավարտվեր, պոչամբարն ամբողջովին փակված պետք է լիներ։ Դրա փոխարեն Աղթալայի լեռնահարստացման կոմբինատը ներ է դրել պոչերի չորացման մեխանիզմը, որի արդյունքում թափոնները պետք է մշակվեին և կուտակվեին Շամլուղի բաց հանքում (նախկինում շահագործված)։ Ընթացքում ոչ միայն ռեկուլտիվացիան չսկսվեց, այլև պարզվեց, որ այդ պոչերի չորացման մեխանիզմը ինքն իրեն չէր արդարացնում։ Հիմա համայնքի բնակիչները ասում են, որ չեն կարող թույլ տալ պոչամբարի հետագա անօրինական շահագործումը։ Մյուս կողմից՝ ընկերությունն ասում է, որ թափոնների կուտակման այլ տեղ չունի այս պահին։ Այս պարագայում ստիպված կլինեն  դադարեցնել ընկերության աշխատանքները, ինչը կբերի գործազրկության։ 2013-2019 թվականների ընթացքում տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվել են հետազոտություններ, դրանց արդյունքները ցույց են տվել ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաներ՝ հատկապես հողում և ջրում։ Օրինակ՝ Ճոճկան գյուղում մկնդեղի պարունակությունը  հայկական նորմաները գերազանցում է 160 անգամ։ 

- Ո՞րն է այս պահին Մեծ Այրում համայնքի բնակիչների պահանջը։

-Բնակիչները պահանջում են ընդամենը օրինական պարտավորության կատարում՝ ռեկուլտիվացիայի իրականացում։ Պոչամբարը պետք է փակվեր 2020 թվականի մարտին, բայց ոչինչ չի արվել, ինչը նշանակում է, որ այս պահին թափոնների կուտակումն անօրինական է։ Նախ համայնքի բնակիչներին շանտաժի են ենթարկում, ասում են, որ դուք, եթե չեք թույլատրում, ապա ընկերությունը պետք է դադարեցնի իր աշխատանքները։

Պահանջները հետևյալն են՝

  • համայնքի քննարկմանը ներկայացնել ռեկուլտիվացիայի նախագիծը,
  • չբարձրացնել այլևս պոչամբարի պատվարը, այսինքն՝ ավելի մեծ կուտակումների համար չպատրաստել պատվարը,
  • Բնակիչները նաև կողմ են այն բանին, որ իրենց ներկայացվի ռեկուլտիվացիայի նախագիծը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը այլընրանք չունի, օրինակ, երեք ամիս շարունակի օգտագործել պոչամբարը։ Այդ պարագայում, սակայն, յուրաքանչյուր բնակչին ընկերությունը պետք է տրամադրի բնապահպանական փոխհատուցում՝ հավելյալ  և ժամկետներից դուրս ախտոտում թույլատրելու համար։ Պոչամբարը գտնվում է գյուղին կպած՝ գյուղատնտեսական հողերը, տները սկսում են 30-50 մետր հեռավարությունից։ 

- Պարոն Դուլգանյան, Ձեր  ֆեյսբուքյան էջում հայտնել էիք, որ համայնքի բնակիչների հետ հանդիպել է Թումանյանի ոստիկանության բաժնի ոստիկանապետը։  Ի՞նչն էր նրա այցի նպատակը։

- Այո՛, երևի թե ընկերության միջնորդությամբ բնակիչների հետ հանդիպել էր Թումանյանի տարածաշրջանի ոստիկանապետը, որը հորդորել էր քաղաքացիներին, որ եթե իրենք ունեն խնդիրներ, պահանջներ, ապա դիմեն ոստիկանություն և ոստիկանությունը կիրականացնի հետաքննություն, այնինչ պետք է նշեմ, որ 2020 թվականի մարտին հանրային բնապահպանական դատարանը Ալավերդիում քննեց «Նահատակ» պոչամբարի գործը և կայացրեց վճիռ, որտեղ ներկայացված էր պոչամբարի հետ կապված բոլոր տեսակի խախտումները

Իմ կողմից դիմում էր  ներկայացվել  ՀՀ դատախազություն՝ բոլոր խախտումներով հանդերձ, և ստացել ենք պատասխան նամակ, որ դատախազությունը իրականացնում է ուսումնասիրություն ըստ ներկայացված խախտումների։ Մի քանի օր առաջ բնակիչները  տեխնիկայի մուտքն են կանխել, հետո հանդիպում է եղել ոստիկանապետի հետ, ուրբաթ օրն էլ կրկին ահազանգեցին գյուղից, որ փորձ է արվում նորից պատվարների բարձրացման աշխատանքներ իրականացնել։ Գյուղացիները կրկին կանխել էին այդ փորձը։

Ըստ իս՝ քանի որ ընկերությունը  և իշխանությունը քաջատեղյակ են բնակիչների դիրքորոշումից, պրովոկացիայի փորձ է արվում, որպեսզի բնակիչների հանդեպ որոշակի ճնշումներ գնան՝ վարչական վարույթներ և այլն, ինչը անթույլատրելի է։ Այս պահին  օրինական է, որպեսզի ընկերությունը հնարավորինս շուտ ներկայացնի պոչամբարի ռեկուլտիվացիայի նախագիծը, նստի համայնքի բնակիչների հետ քննարկման, ասի, որ իրենք այլընտրանք չունեն, քանի որ իրենց մշակած նախկին մեխանիզմները իրենց չեն արդարացրել, բնակիչներին տան նախագիծ, որով կփաստեն, որ,օրինակ, մեկ տարվա ընթացքում իրականացնելու են պոչամբարի ռեկուլտիվացիան, իսկ այդ մեկ տարվա ընթացքում՝ մինչև այլընտրանք գտնելը, թափոնները ևս մի քանի ամիս նորից լցվելու են այդ պոչամբարի մեջ։ Հստակ փաստաթուղթ է անհրաժեշտ, որպեսզի բնակիչները երաշխիք ունենան։

Բացի դա՝ ընկերությունը ընդառաջ գնա բնակիչների այն պահանջին, որով նրանք բնափոխատուցման համար գումար են ուզում, բայց դրա վերաբերյալ նույնպես կարող են քննարկում ունենալ։ Բնակիչներին չեն լսում, ստացվում է այնպես, որ առանց որևէ հիմնավորման պատնեշները բարձրացնում են  և շարունակեն թափոնները լցնել այդտեղ։ Պետք է նշեմ նաև, որ գյուղի աջակցման որևէ ծրագիր չի ներկայացվել  ու հիմա նոր, երբ խնդիրը հասել է նրան, որ բնակիչները բողոքում են, ասում են՝ եկեք գյուղի ակումբը վերանորոգենք։ Գյուղացիներն էլ ասում են, որ դա պետք է  վաղուց արվեր, իսկ այս օրհասական պահին դրա կարիքը չկա։ Պետք է բնակիչների հետ նստեն քննարկման։

-Մինչև այս պահը ընկերությունից որևէ արձագանք չե՞ք ստացել։

- Այդ պահանջները ներկայացնում են բնակիչները, ես ուղղակի  աջակցում եմ նրանց, որպեսզի նրանք կարողանան իրենց պահանջները ճիշտ ձևակերպեն, և այդ խնդիրը կարողանանք ներկայացնել հանրությանը։ Ընկերությունը միայն բանավոր է խոսել բնակիչների հետ։ Բնակիչների որևէ պահանջ իրավական հիմք չի ստացել, գրավոր պայմանավորվածություն չկա, իսկ բնակիչներն էլ չեն հավատում ընկերության բանավոր խոսքին։ Տարիներ շարունակ խաբվել են, նույնիսկ փաստաթղթերի առկայության դեպքում են խաբում։ Նույնիսկ այսքան տարի պոչամբարի տարածքը ցանկապատ չի ունեցել, իսկ այդ ցանկապատի բացակայության պատճառով թե՛ գյուղի տնային կենդանիններն էին արածում այնտեղ, թե՛ երեխաներն էին խաղում, և անընդհատ ընտանի կենդանիները ընկնում էին, խորտակվում, և բնակիչները կորուստներ էին կրում։ Փաստ է, որ պոչամբարի շրջակայքում առհասարակ չեն գործում ՀՀ բոլոր բջջային օպերատորների կապերը, ինչը խոսում է բարձր ռադիացիայի մասին։ 

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել