Ազգային գրադարանը սպասում է ԱԻՆ-ի եզրակացությանը |armenpress.am|
16:32 - 15 մայիսի, 2020

Ազգային գրադարանը սպասում է ԱԻՆ-ի եզրակացությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գրադարանի սերվերների վթարին, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել գրադարանի կայք: Սարիբեկյանը նշեց, որ ԱԻՆ նախարարության աշխատակիցներն արդեն ուսումնասիրել են այն սենյակը, որտեղ սերվերներն են, բայց դեռ եզրակացություն չեն հրապարակել, դեռ հստակ չեն կարող ասել, թե սերվերների վթարի պատճառը որն է. մարդածի՞ն է, թե տեխնածին:

«Արտակարգ դրության պայմաններում սերվերները կարգավորվել են հեռավար կերպով:  Սերվերների սենյակում եղել է հզոր USB, որը  ապահովագրում էր հոսանքի տատանումներից: Սենյակում տեսախցիկներ չկան, բայց գրադարանի երկու մուտքերի մոտ, որոնցով հնարավոր է բարձրանալ սենյակ, տեսախցիկներ են տեղադրված:  Ձայնագրությունները դիտել եմ և ոչ մի արտասովոր բան չեմ նկատել: Մայիսի 8-ին երկու ժամ լույս չի եղել, ուստի մենք այդ ժամանակահատվածի ձայնագրությունը չունենք»,- նշեց Սարիբեկյանը:

Անդրադառնալով կորստի չափին՝ նա շեշտեց, որ պաշտոնական տեղեկատվություն չեն կարող հայտնել: Կորուստները գնահատվելու են համապատասխան փորձաքննությունից հետո: Տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ սերվերների ամբողջ թվայնացված նյութը` բազան առանձին կրիչներով պահպանված է:

«Սերվերային սարքերի արտաքին տեսքից դատելով և մասնագետների զննման արդյունքից ելնելով՝ կարող ենք ասել, որ դրանց վիճակն այնքան էլ անհուսալի չէ, և շատ հնարավոր է, որ այդ ամբողջ բազան պահպանված լինի նաև սերվերներում: Թե ինչպիսին է սերվերների պիտանիությունը հետագա աշխատանքների համար,  պարզ չէ. սերվերները ծխոտ վիճակում են, և սենյակում կան որոշ սարքավորումներ, որոնք ածխացած են»,-տեղեկացրեց Սարիբեկյանը:

Նա ընդգծեց, որ մայիսի 15-ին Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան վարչության աշխատակիցները ժամանել են, գործն արձանագրվել է և քննվում է:

«Դեռ պետք է հասկանալ մարդկային միջամտությա՞ն, թե՞ տեխնածին պատճառներով է եղել դեպքը, իսկ սերվերների արդիականացման հարցը վաղուց կար. այն քննարկվում էր և այժմ հրատապ է դարձել: Մտածում ենք տվյալների ամբողջ բազան, թվայնացված նյութերը տեղափոխել ամպային համակարգ»,-շեշտեց Հրաչյա Սարիբեկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել