Արցախյան կարգավորում․ փուլային և փաթեթային կամ մեծ շփոթ |civilnet.am|
14:09 - 15 մայիսի, 2020

Արցախյան կարգավորում․ փուլային և փաթեթային կամ մեծ շփոթ |civilnet.am|

civilnet.am: Թաթուլ Հակոբյան

Ղարաբաղյան կարգավորման քննարկումներում շատ է խոսվում կարգավորման բովանդակության և մեթոդաբանության մասին ու երբեմն, անգամ պաշտոնյաներն ու դիվանագետները, չեն տարբերում բովանդակությունը մեթոդաբանությունից: Փուլայինի և փաթեթայինի շուրջ վերջին քննարկումները, բանավեճերն ու մեղադրանքները հենց այդ անհասկացողության ու շփոթի դրսևորումներ են:

Փուլային եզրը հայ քաղաքական լեքսիկոնի մաս է դարձել 1997-ին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները այդ թվականի դեկտեմբերի 2-ին գրավոր ներկայացրին կարգավորման համապարփակ փաստաթուղթ-նախագիծ, որը կրում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման համաձայնագիր անունը: Բայց ինչո՞ւ է այս համաձայնագիրը հիշատակվում փուլային անունով․ որովհետև այն վերաբերում էր հակամարտության հետևանքների վերացմանը՝ տարածքներ, փախստականներ, անվտանգություն և հաղորդակցություն, իսկ հակամարտության գլխավոր խնդրին՝ Արցախի կարգավիճակին, որից սկսվել է պատերազմը, չի անդրադառնում:

Այսպիսով, 1997-ի դեկտեմբերի 2-ի փաթեթով Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց և թողնվում է ապագային: Լաչինի ամբողջ շրջանի կարգավիճակը ևս թողնվում էր ապագային, ասել է թե՝ Արցախի մաս: Այսինքն, հակամարտության կարգավորման մեթոդաբանությունը փուլային էր. առաջին փուլում վերացնում ենք հետևանքները, երկրորդ փուլում՝ վճռում կարգավիճակի հարցը:

Ինքնին փուլային մեթոդաբանությունը չի կարելի համարել դատավճիռ, քանի որ փուլայինը կարող է լինել նաև շրջված տեսքով, այն է՝ առաջին փուլում որոշում ենք Արցախի կարգավիճակը, երկրորդ փուլում՝ անդրադառնում հակամարտության հետևանքներին: Եթե Ադրբեջանը համաձայնում է առաջին փուլում ընդունել Արցախի ինքնորոշման իրավունքը և ընդունել հանրաքվեի որևէ արդյունք, ապա այդ դեպքում փուլայինը ընդունելի մեթոդաբանություն է:

1997-ի մայիս-հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած երկու տարբերակները պատմագրության մեջ են մտել փաթեթային անունով, քանի որ ներկայացված փաթեթում միաժամանակ կարգավորվում էին և՛ կարգավիճակի, և՛ հակամարտության հետևանքների խնդիրները: Ավելի հստակ՝ Արցախը Ադրբեջանի կազմում ստանում էր ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ: Հայկական կողմից մերժված այս տարբերակը ուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր (նախագիծ) անունը:

1998-ի նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված տարբերակը, որի ճարտարապետը Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովն էր, փաթեթային և փուլային մեթոդաբանության համատեղման փորձ էր և պատմագրության մեջ է մտել «ընդհանուր պետություն» անունով, կրում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիր անունը: Այս տարբերակը, որ մերժեց Ադրբեջանը, մեթոդաբանության առումով, փաթեթային էր և կազմված էր երկու հիմնական մասից՝ կարգավիճակ և հետևանքների վերացում:

Արցախն ու Ադրբեջանը վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում կազմում էին ընդհուր պետություն: Դա, ակնհայտ տարբերություններով, մոտ էր բոսնիական մոդելին: Արցախն իր կարգավիճակով անկախ չէր հռչակվում և ոչ էլ Հայաստանի մաս: Այն օրերին շատ էին կիրառում հետևյալ բանաձևը՝ ինքնավարությունից բարձր, անկախությունից ցածր, կամ՝ դե-ֆակտո անկախ, դե-յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում:

Փաթեթային մեթոդաբանություն էր նաև Քի Վեսթի տարբերակը, որովհետև միանգամից լուծվում էին և՛ կարգավիճակի, և՛ հետևանքների հարցերը: Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին, Ադրբեջանը հետ էր ստանում բոլոր 6,5 շրջանները և Հայաստանի տարածքով՝ ինքնիշխան միջանցքով, կապվում Նախիջևանի հետ:

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել