Վարչապետին հայհոյելու համար «Հեղափոխության պահապաններ»-ի կողմից ներողություն պահանջելու քրեական գործը կարճվել է |armtimes.com|
22:12 - 14 մայիսի, 2020

Վարչապետին հայհոյելու համար «Հեղափոխության պահապաններ»-ի կողմից ներողություն պահանջելու քրեական գործը կարճվել է |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական գործով կասկածյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` տուժողի կողմից կասկածյալի հետ հաշտվելու հիմքով:

Հիշեցնենք՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ վարչապետը «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի երիտասարդ աղջկա, վերջինս այն պատռել էր և նետել վարչապետի ուղղությամբ։ Դրանից հետո համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում աղջիկը ոմն «գյուղապետի» հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, «գյուղապետն» էլ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին:

Դրանից հետո «Հեղափոխության պահապաններ» ներկայացած մի խումբ երիտասարդներ հանդիպել էին այդ «գյուղապետի» հետ եւ ասել, որ նա ներողություն խնդրի, ինչն էլ արվել էր: Միաժամանակ «գյուղապետը» նշել էր, որ տեսանյութը սարքած է, եւ տեսանյութում ինքն ամենեւին էլ չի զրուցել այդ աղջկա հետ: «Հեղափոխության պահապաններ»-ի այդ գործողությանը հանրահավաքի ժամանակ դատապարտել էր Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ հայհոյանքին հայհոյանքով չպիտի պատասխանենք: Հրապարակումների հիման վրա Ոստիկանության Նաիրիի բաժնում սկսվել էր նյութերի նախապատրաստումը, որից հետո՝ մարտի 16-ին, հարուցվել էր քրեական գործ  ՀՀ ՔՕ-ի 137-րդ հոդվածի 1-ին կետով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) եւ մեկ օր անց ընդունվել վարույթ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել