Համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո, եթե նույնիսկ հայտնաբերվի պատվաստանյութը․ Արսեն Թորոսյան
20:12 - 14 մայիսի, 2020

Համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո, եթե նույնիսկ հայտնաբերվի պատվաստանյութը․ Արսեն Թորոսյան

Չլինելով անմիջական, երկար շփման մեջ վարակված անձանց հետ` որոշում եմ կայացրել ինքնամեկուսանալ, սակայն շարունակում եմ հեռավար աշխատանքների իրականացումը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ վարակման դեպքերի աճով պայմանավորված՝ հաստատված դեպքերի հետ շփված մարդկանց արդեն չեն տեղափոխում հյուրանոցներ, իսկ ազատված հյուրանոցները դեռևս շարունակում են օգտագործվել ասիմպտոմ հիվանդների համար։

«Եթե ամեն օր ունենանք 150 նոր դեպք և դուրս գրված 70 քաղաքացի, այսինքն՝ ամեն օր ունենանք գումարային առումով 70-80 նոր դեպք, հավանաբար 7-10 օրվա ընթացքում ասիմպտոմ մեր քաղաքացիներին հյուրանոցներից դուրս ենք գրելու և խնդրելու ենք բուժման ընթացքն անցկացնել տներում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքերով՝ Հայաստանը հազվագյուտ երկրներից է, որ մինչ օրս բոլոր դեպքերը հոսպիտալացրել կամ իզոլացրել է փակ հաստատություններում, և չեն վտանգվել մյուս քաղաքացիները։ 

«Հիվանդանոցներում կմնան առավելագույնս բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիները, սա վարակված դեպքերի մոտ 20-30%-ն է՝ կախված բարդության աստիճանից։ Մենք կկենտրոնանանք հիմնականում բուժական գործի վրա։ Իհարկե, նաև կշարունակենք հայտնաբերել կոնտակտներ և ինքնամեկուսացումը դեռ երկար պետք է շարունակենք»,- նշեց նա։

Նախարարն ասաց, որ թեև չի ցանկանում խուճապ տարածել, սակայն եթե նույնիսկ հայտնաբերվի դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միևնույնն է, կորոնավիրուսի համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել